

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոց գնելու կամ վաճառելու գործարքը կիրականացվի նաև առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց հաշվառման-քննական բաժին այցելելու անհրաժեշտության։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նպատակն է հեշտացնել և կատարելագործել տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի ու գրանցման գործընթացները։
Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը փոխանցելու համար նախ անհրաժեշտ է վաճառելու դեպքում գնորդի հետ համաձայնեցնել վաճառքի գինը, իսկ նվիրատվության դեպքում՝ վճարել տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունների տուրքը։ Սկզբնական փուլում և՛ վաճառողը, և՛ գնորդը պետք է car.mia.gov.am հարթակում կատարեն որոշակի գործողություններ՝ կոնտակտային և տրանսպորտային միջոցի տվյալների, հաշվառման համարանիշի և վկայագրի, համարակիր մասերի և սեփականության իրավունքի փոխանցման ձևի վերաբերյալ։
Այս գործողությունների ընթացքում առաջացած անվտանգային կամ տեխնիկական ցանկացած անհամապատասխանության դեպքում համակարգը դադարեցնում է գործարքը։
Բոլոր գործողությունները կատարելուց հետո համակարգն ինքնաշխատ գեներացնում է պայմանագիրը: Փաստաթուղթն ընթերցելուց հետո կողմերն այն ստորագրում են էլեկտրոնային ստորագրության միջոցով։