
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները, և քննարկվել են իրականացման ճանապարհին առաջացած ռազմավարական և տեխնիկական հրատապ խնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վերջնական վայրի օպտիմալ ընտրության, այդ վայրի ենթակառուցվածքների և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովմանն ուղղված ընթացիկ հարցերին։
Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը՝ ընդգծելով խոշոր տվյալային կենտրոնի նշանակալի դերը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:
Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում։
Ամփոփելով քննարկումը՝ կողմերը գտել են լուծումներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ հետագա քայլերի պլանավորման և նախագծի բարեհաջող իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ Վահագն Մուղնեցյանը։