Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Շիրակի մարզում իրականացվում է 41 դպրոցաշինական ծրագիր։ Դրանց շրջանակներում հիմնովին կառուցվում է 12 կրթահամալիր՝ ընդհանուր 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ արժողությամբ։ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վերանորոգվում է  28 դպրոց,  որոնցից 15-ը՝ Գյումրիում։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ սեպտեմբերի 1-ին այցելել է Գյումրու թիվ 28 դպրոց, որը վերանորոգումից հետո առաջին անգամ է բացել դռները աշակերտների առջև։ Այս ուսումնական տարում դպրոցն ունի 48 առաջին դասարանցի։  Մարզպետը շրջել է դպրոցում, դիտարկել իրականացված վերանորոգման աշխատանքներն ու հատկացված գույքը, եղել լաբորատոր սենյակներում։ Գյումրու թիվ 28 դպրոցի վերանորոգման նպատակին պետությունը հատկացրել է 146 մլն 787 հազար դրամ, աշխատանքներն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցի ընթացքում շրջել է նաև թիվ 38   դպրոցում, ծանոթացել արված աշխատանքներին, զրուցել ծնողների ու մանկավարժների հետ, հետևել դպրոց առաջին անգամ ոտք դրած 33 առաջին դասարանցիների առաջին դասին։  Դպրոցը հիմնանորոգվել է 107 մլն 680 հազար դրամ գումարի շրջանակներում: 

Շիրակի մարզպետն այցելել է նաև Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց, որտեղ դեռ ընթանում են նորոգման աշխատանքները, դասապրոցեսն այստեղ կազմակերպվել է նորոգված հատվածում։ Մարզպետը շրջել է դպրոցում, դիտարկել աշխատանքների ընթացքն ու շինարարի հետ զրույցում ներկայացրել այն բացթողումները, որոնք նկատել է այդ պահին։

«Շիրակի մարզում աննախադեպ են դպրոցաշինական աշխատանքները, սակայն մեծ ծավալները չպետք է պատճառ դառնան բացթողումների»,-այցի շրջանակներոմ  նշել է Շիրակի մարզպետը։

110