Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել էինք՝ Araratnews-ը Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, որում նա նշել էր, որ 2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ՝ ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից մեզ պատասխանել էին, որ այն փոխանցվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Վերոնշյալ հայտարարության հետ կապված՝ ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ Տեր Արամի խոսքով՝ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով և նա ըստ էության Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Տեր Արամի հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։
Իսկ Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչ կլիներ եթե չգնար, Տեր Արամը պատասխանել էր. «Խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի ինչու չեմ գնում. ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Եկեղեցականը ոչ թե պետք է ընդդիմադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերեւից այդպիսին էր եւ դա նաեւ ինձ էր անհարմարություն պատճառում, որովհետեւ ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր եւ ես էլ դեմ էի, որ գնամ որեւէ քաղաքական շահ պաշտպանեմ. իմ շահը մարդկանց փրկությունը պետք է լիներ»։
Գեղամ Ադյան