Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ կմտնի «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում կատարված փոփոխությունների փաթեթը, որը շոշափելի փոփոխություններ է բերելու քաղաքացիների և կազմակերպությունների ծանուցման գործընթացում։
Նոր կարգավորումներով՝ ծանուցումների իրականացման գործընթացը ամբողջությամբ թվայնացվում է՝ հստակեցնելով, թե երբ է անձը համարվում պատշաճ կերպով ծանուցված։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստում ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որով սահմանվում է՝ եթե անձը ծանուցվում է նոր էլեկտրոնային մեխանիզմով, և ծանուցումը հասանելի է լինում համակարգում՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք անձը ծանոթացել է բովանդակությանը, այն համարվում է պատշաճ կատարված։
Ըստ նրա՝ ֆիզիկական անձանց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք կգործի խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման կամ բջջային քարտերի միջոցով: «Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում և եթե մուտք գործի՝ այնտեղ կլինի ծանուցված», - ընդգծել է նախարարը և ավելացրել՝ անձը կարող է տրամադրել իր հավելյալ կապի միջոցները՝ հեռախոսահամար, էլ. փոստ, որպեսզի ծանուցումները նրան հասնեն նաև այլ ալիքներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է նախագծի կարևորությունը՝ մատնանշելով, որ մինչև այժմ իրավական գործընթացներում հաճախ բախվում էին դեպքերի, երբ քաղաքացին փաստացի ծանուցված էր, սակայն իրավական ապացույցներ չկային, և դա խոչընդոտում էր գործի ընթացքը։
«Դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։ Դե ֆակտո՝ բոլոր հնարավոր տարբերակներով անձը ծանուցվելու է։ Սա կարևոր և էական փոփոխություն է», – նշել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում