Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս տարի Հայաստանում գրիպի դեմ պատվաստումների պահանջարկը զգալիորեն աճել է,- Araratnews-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը, տեղեկացնելով, որ պատվաստանյութը ներառում է գրիպի վիրուսի երկու A և երկու B ենթատեսակներ, որոնք համարվում են առավել տարածված շտամները սեզոնային շրջանում։ Ներկայումս շրջանառվում են հիմնականում ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային վարակների հարուցիչները։
Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ այժմ համաճարակային իրավիճակը կայուն է, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է բարելավում. «Այս տարի վարակների ցուցանիշը մոտ 1,2 անգամ ցածր է»։
Պատվաստումները անվճար և հասանելի են բոլոր առողջության առաջնային պահպանման կենտրոններում։ Դրանք կարող են ստանալ ինչպես ռիսկի խմբերում գտնվողները, այնպես էլ խմբերում չներառված քաղաքացիները՝ անկախ իրենց հաշվառման վայրից կամ քաղաքացիությունից։
«Ռիսկի խմբերի մեջ են՝ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, զորակոչի ենթակա երիտասարդները և փակ հաստատություններում (օրինակ՝ սոցիալական խնամքի կենտրոններ) գտնվող մարդիկ՝ ինչպես շահառուները, այնպես էլ աշխատակիցները։ Այս խմբերի ներկայացուցիչներին խորհուրդ ենք տալիս պատվաստվել որքան հնարավոր է շուտ, քանի որ դեռ գրիպի դեպքեր չկան, և հիմա կարելի է ապահով ձևավորել պաշտպանական իմունիտետ», -ընդգծեց մասնագետը՝ համոզվածություն հայտնելով, որ գրիպով չհիվանդանալու և բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։
«Քանի դեռ գրիպի վիրուսի շրջանառություն չունենք, սա այն սահուն ժամանակահատվածն է, երբ կարելի է պատվաստվել և պաշտպանվել առաջիկա սեզոնին շրջանառվող ենթատեսակներից։ Այս պահին Հայաստանում կիրառվում է 2025–2026 թվականների համար նախատեսված քառավալենտ (չորս բաղադրիչով) սեզոնային գրիպի պատվաստանյութը»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ այս պատվաստանյութը պաշտպանում է միայն գրիպի վիրուսի չորս ենթատեսակից, սակայն այլ սուր շնչառական վարակներից չի պաշտպանում։ Այդ պատճառով, եթե պատվաստված մարդը հիվանդանում է, դա դեռ չի նշանակում, որ հիվանդությունը գրիպ է․ «Կլինիկորեն այս հիվանդությունները շատ նման են, և միայն լաբորատոր հետազոտությունն է հստակ ցույց տալիս՝ դա գրիպ էր, ադենովիրուս, թե քովիդ։ Պատվաստումից հետո օրգանիզմում հակամարմինները սկսում են ձևավորվել մոտ 10-րդ օրից, իսկ լիարժեք պաշտպանությունը ձևավորվում է 4 շաբաթ անց»,- ասաց բժշկուհին, միաժամանակ խորհուրդ տալով չպատվաստվել հիվանդ ժամանակ, պատվաստումը կարող է իրականացվել առողջանալու հենց հաջորդ օրից սկսած։
«Հակացուցումներից է նաև քրոնիկ հիվանդության սրացումը կամ նախորդ դեղաչափից հետո առաջացած ծանր ալերգիկ ռեակցիան (անաֆիլաքսիա)։ Սովորական ալերգիան պատվաստման հակացուցում չէ։ Ասթմա ունեցող հիվանդներին, օրինակ, ցուցված է հենց գրիպի դեմ պատվաստումը, որպեսզի սուր շնչառական վարակներից առնվազն գրիպը կանխարգելենք»,- նկատեց Գրիգորյանը։
Գրիպի դեմ պատվաստումն իրականացվում է տարեկան մեկ անգամ՝ մեկ դեղաչափով, սակայն եթե երեխան մինչև 9 տարեկանը և կյանքի ընթացքում առաջին անգամ է պատվաստվում գրիպի դեմ, ապա առաջարկվում է ստանալ երկու դեղաչափ՝ 4 շաբաթ ընդմիջումով։
Բժշկի խոսքով՝ մանկահասակների դեպքում գրիպի պատվաստումը կարելի է իրականացնել միաժամանակ պատվաստումների օրացույցում ներառված ցանկացած պատվաստման հետ կամ ցանկացած ընդմիջումով, և դա չի առաջացնում խնդիրներ։
«Ինչպես ցանկացած պատվաստում, գրիպի պատվաստումից հետո էլ կարող են լինել որոշակի երևույթներ, հիմնականում դրանք թեթև են, անցնում են առանց որևէ հատուկ բուժման, կարող են լինել տեղային երևույթներ, օրինակ՝ ներարկման տեղում թեթև կարմրություն, և ընդհանուր երևույթներ՝ կարող է լինել մկանացավ, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, որոնք կարճատև են։ Այս ախտանշանները սովորաբար անցնում են 1–2 օրվա ընթացքում և հատուկ բուժում չեն պահանջում»,- նշեց մասնագետը։
Մյուս շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար կարևոր է պահպանել կանխարգելիչ կանոնները՝
• փակ տարածքները հաճախակի օդափոխել,
• ձեռքերը պարբերաբար լվանալ,
• հազալու կամ փռշտալու ժամանակ օգտագործել անձեռոցիկ,
• հիվանդության դեպքում կրել դիմակ և խուսափել շփումներից։
Դպրոցներում և մանկապարտեզներում վարակների տարածումը կանխելու նպատակով յուրաքանչյուր կրթական հաստատությունում գործող բուժաշխատողները հետևում են երեխաների առողջական վիճակին. նկատելով ջերմություն, քթահոսություն կամ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող երեխաներ՝ ծնողներին խորհուրդ է տրվում երեխային չբերել մանկապարտեզ կամ դպրոց, իսկ անհրաժեշտության դեպքում կապ է հաստատում ծնողների հետ և երեխային ուղղորդում համապատասխան պոլիկլինիկա կամ ամբուլատորիա՝ բուժումը կազմակերպելու համար։
Սիլվի Պետրոսյան