Դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները փոփոխվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

 

«Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը»,– նշված է հաղորդագրության մեջ:

 

Ըստ նախարարության` սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիսի ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։ Նշենք, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում:

 

Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:

 

ԿԳՄՍՆ–ն հիշեցնում է` այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է, և դասապրոցեսն ընթանում է առանց խմբերի բաժանելու, հնարավորություն է տրվել ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնադիրը:

 

887