Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ. հունվար-hունիսի ծառայությունների ծավալին: Նշենք, որ ծառայությունների ճյուղը ներառում է կացության և հանրային սննդի կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, ֆինանսական և ապահովագրական գործունեության, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտները և այլն:

 

2020-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019-ի նույն:

 

ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%՝ կազմելով շուրջ 861.69 մլրդ ՀՀ դրամ: 2020-ի երկրորդ եռամսյակում կիրառվող սահմանափակումների և զբոսաշրջիկների բացակայության հետևանքով ծառայությունների ծավալի անկումը կազմել է 17.1%՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

 

2020-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ծառայությունների ծավալի 6% աճ էր արձանագրել, որի շնորհիվ էլ հնարավոր է եղել մեղմել 2020թ.-ի երկրորդ եռամսյակի 17.1% անկումը՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ: 

 

Դիտարկվող ժամանակահատվածում ֆինանսական և ապահովագրական գործունեության մասնաբաժինը կազմել է շուրջ 26.5%, մշակույթի, զվարճությունների և հանգստինը՝ 25.7%, իսկ տեղեկատվության և կապի դեպքում՝ շուրջ 15.8%:

 

Վերոնշյալ երեք ոլորտիների ծավալների տեսակարար կշիռը կազմել է ընդհանուր ծավալի 68%-ը: 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն կիսամյակի համեմատ այս երեք ոլորտների համապատասխանաբար՝ 11.7, 1.6 և 7.1% աճի շնորհիվ է մեղմվել ծառայությունների ճյուղի մնացած ոլորտների կտրվածքով արձանագրված անկումը:

 

2019-ի հունիսի համեմատ 2020-ի հունիսին, երբ ծառայությունների ճյուղը ներկայացնող տնտեսական գործունեությունների վրա տարածվող գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին, սակայն սահմանները դեռ մնում էին փակ, միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացնելու տեսանկյունից, ծառայությունների ծավալը զգալի անկում արձանագրեց՝ 15.9%: Այս անկումը բացատրվում է մի քանի հանգամանքով: Առաջին և հիմնական պատճառը այն է, որ 2019-ի հունիսին 2018-ի նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի շուրջ 10.2% աճ է արձանագրվել, և տրանսպորտի, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտների կտրվածքով 2020-ի հունիսին 2019-ի նույն ամսվա համեմատ ծավալների կրճատումը կազմել է համապատասխանաբար 41.4 և 65.2%:

 

Ծառայությունների ծավալում 5 և ավել տոկոս մասնաբաժին ունեցող ոլորտների կատարողականը դիտարկելիս ամենամեծ անկումը 2020-ի առաջին կիսամյակում 2019-ի նույն կիսամյակի համեմատ արձանագրվել է կացության և հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաև տրանսպորտի դեպքում՝ համապատասխանաբար 42.6 և 25.8%, ինչը բացատրվում է սահմանափակումներով, սահմանների փակ լինելով և տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատումով: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծավալների 42.6% անկումը հիմնականում բացատրվում է կացության կազմակերպման ենթաոլորտի ծավալների 61.2% անկմամբ, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման կտրվածքով արձանագրված ծավալների 37.3% կրճատմամբ: Տրանսպորտի դեպքում ծավալների 25.8% անկումը բացատրվում է հատկապես ցամաքային տրանսպորտի գծով արձանագրված ծավալների 31.3% կրճատմամբ: Մշակույթի, զվարճությունների և հանգստի կատարողականը (ծավալների 1.6% աճ) պայմանավորված է հիմնականում «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում» ենթաոլորտի կատարողականով (ծավալների 20.8% աճ)՝ առցանց մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճով, որի շնորհիվ կոմպենսացվել է այլ ենթաոլորտների գծով արձանագրված անկումը: Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը միակ ոլորտն է, որի ծավալների կտրվածքով 2020-ի առաջին կիսամյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկնիշ աճ է արձանագրվել՝ 11.7%, որը բացատրվում է բանկերի գործունեության կատարողկանով (ծավալների 19.3% աճ), իսկ ապահովագրության կտրվածքով 9% աճ է գրանցվել: Իր հերթին բանկերի գործունեության ընդլայնումը բացատրվում է նաև բանկերի կողմից տրված վարկային պորտֆելի ընդլայնմամբ:

 

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ծառայությունների ծավալների կրճատումը պայմանավորված է եղել հատկապես ծառայությունների ճյուղի ոլորտներին առընչվող սահմանափակումներով, միջազգային, կանոնավոր ուղևորափոխադրումների բացակայությամբ, ինչպես նաև տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ: 2020-ի 2-րդ կեսին ծառայությունների ճյուղի կատարողականն արտացոլելու է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի դինամիկան, տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությունը, ինչպես նաև տնային տնտեսությունների կողմից ստացվող վարկերի ծավալների փոփոխությունը, որը կուղղվի ծառայությունների ձեռք բերման վրա (հանգիստ ՀՀ տարածքում, ուսման վարկ և այլն):

 

296