Ռոբերտ Քոչարյանի փախուստի հավանականությունը մեծ է:  Նրա գույքի մեծ մասը այլոց անուններով է: Գույքը կալանքից հանելու, այն վաճառելու զրույցները կարող են մեր մտավախությունը իրականություն դարձնել: Araratnews.am-ի թղթակցին ասաց Մարտի մեկի դեպքերի ժամանակ տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանից փախած պաշտոնյաներին ընդունում է Ռուսաստանը, նրանք Հայաստան վերադառնալու հույս չեն փայփայում:  «Երբ Քոչարյանը համոզվի, որ  այն, ինչ նախաձեռնել է,  չեն կարողանալու անել, ունի հնարավորություն Հայաստանը լքելու»,- համոզված է փաստաբանը: 

Փաստաբանին հարցրինք՝  ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այս փուլում չեն ներկայացրել գույքի գնահատման արժեքն ու դա հաստատող փաստաթղթեր: Ըստ Սաֆարյանի՝ դա արվում է դատական գործը ձգձգելու ու փախուստը իրականացնելու համար, եթե նրա ծրագիրը ձախողվի: «Դատարանը պետք է փոքր-ինչ ակտիվանա: Այն, ինչ արվում է մեկ տարի, կարող էին 3 ամսում լինել: Օրինակ, կարճացներ ելույթ ունեցողների խոսքի ազատությունը, մի ամսում երկու նիստ լիներ: Տպավորություն է, որ դատարանը հավերժ լսելու նպատակուղղված գործընթացներ է անում»,- կարծում է  տիկին Սաֆարյանը:

Եթե 2008 թ-ի Մարտի մեկի գործով դատական գործընթացը մտնի դատաքննության փուլ, ապա  հանրային պահանջը՝ Ռոբերտ  Քոչարյանին ցմահ պատիժ տալը, հնարավոր է կյանքի կկոչել, ըստ փաստաբանի, քանի որ Քոչարյանին վերագրվող մեղադրանքները անառարկելի են: «Այդ պատճառով Քոչարյանի պաշտպանները  չեն ցանկանում, որ հրապարակվի մեղադրանքը»,- ավարտեց իր խոսքը Մարտի մեկի դեպքերի ժամանակ տուժածների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանը: 

 

Սոնա Դավթյան

6479