Գործադիրն իր այսօրվա նիստի ընթացքում կքննարկի Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին հարցը։ 

ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը:

Սև և գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն և ջարդոնի և թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:

Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`  սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

45