Գործադիրն իր այսօրվա նիստի ընթացքում կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ 

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով: Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն,

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։

Վերոնշյալ պայմանները էականորեն սահմանափակում են պետության կողմից ներդրված դրամական միջոցները դեպի տնտեսության առավել զգայուն հատվածներ ուղղորդման հնարավորությունները։

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի արդյունավետ իրականացման ապահովում՝ պետության դրամական միջոցների առավել ճկուն օգտագործման և ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունների բազայի ընդլայնման եղանակով։

 

319