Տիկին Գոհարը Գյումրիից է, արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված, ժամկետային զինծառայող Ալեք Սիմոնյանի մայրն է: Մասնագիտությամբ ֆիզիկոս է, դպրոցում է աշխատում: Որդու դասղեկն է եղել:  Araratnews.am-ի հետ զրույցի օրը տիկին Գոհարն առաջին անգամ, ինքն իրեն ստիպելով, դպրոց` աշխատանքի է գնացել:  

 

«Դպրոց մտա` շատ ծանր էր: Ամեն կողմից որդուս էի տեսնում: Ամեն ինչ իրեն էր հիշեցնում: Երբ եկա տուն, ընկերուհիս զանգեց, ասեց, որ իմ դասից հետո մտել է 11-րդ դասարան՝ աշակերտները այնքան հպարտ էին: Մտածում եմ՝ երևի տղայիս ցանկությունն է եղել, որ ես հպարտանամ իրենով»,- կիսաձայն ասում է  տիկին Գոհարը:

 

Որդու մասին խոսելիս տիկին Գոհարի ձայնը կարծես թրթռում է, հոգին՝ տակնուվրա լինում: Ալեքի մայրն այսօրվա պես հիշում է 1997 թ. օգոստոսի 21-ը, երբ լույս աշխարհ եկավ կրտսեր որդին. «Ալեքը փոքր ժամանակ քնքուշ, նուրբ երեխա էր: Ինձ հետ շատ էր կապված: Իսկ հետո տարիների հետ իր մոտ շատ ուժեղ կամային հատկություններ ձևավորվեցին: Մի քանի դպրոց է փոխել: Մեծ շրջապատ ուներ: Տեսակով՝ լիդեր էր»:

 

Ալեքը զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 11-ին: Նախ ծառայել է Լուսակերտում, ստացել հրթիռահրետանային հաշվարկի սերժանտի կոչում և շարունակել ծառայությունը Մարտակերտի Ներքին Հորաթաղում: Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր: Մինչ զորակոչվելը Ալեքն անվճար ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:

Մեզ հետ զրույցի ընթացքում տիկին Գոհարը չէր կարողանում թաքցնել հուզմունքը: Փոքր-ինչ լարվածությունը ցրելու համար Ալեքի մայրիկին հարցնում եմ, թե ինչ էր սիրում ուտել իր որդին, արդյոք ընկերուհի ուներ, թե ոչ…«Ալեքը շատ էր սիրում, երբ խինկալի էի պատրաստում: Իսկ երբ փոքր ժամանակ թաթար բորակի էի պատրաստում, լաց էր լինում, ասում էր՝ էս միս չունե՞ք՝ մի քիչ միս դնեիք,- մի փոքր ժպտում է հերոսի մայրը ու շարունակում պատմել.- Ալեքը նոր-նոր ինչ-որ մեկին հավանել էր: Բայց ինչ-որ լուրջ բան չկար:  Բանակ գնալուց առաջ մի աղջկա մասին ասեց: Ես էլ ուշադրություն չդարձրի: Տղես բանակ էր գնում, խառնված էի: Համալսարանում էր տեսել այդ աղջկան, շատ էր դուրը եկել: Չարենցավանից է եղել այդ աղջիկը: Հետո արդեն իր ծառայակիցներից մեկը, որը նույնպես Չարենցավանից էր, երբ ինձ պատմեց, նոր հասկացա, որ բավականին լուրջ զգացմունք է ունեցել... »:

Տիկին Գոհարը որդիներին դաստիարակել է Հայրենիքը սիրելու, երկիրը պաշտպանելու ոգով: Ու այսօր, երբ որդին անձնվիրաբար կյանքն է տվել մեր մայր հողին, տիկին Գոհարը որպես մայր իրեն մեղավոր է զգում՝ գուցե ճիշտ չի դաստիարակել. «Պատկերացրեք, եթե ճիշտ չդաստիարակեի, եթե մի քիչ վախկոտ լիներ, եթե իր  մասին մտածեր, եթե...

…Սեպտեմբերի 26-ին կնունք են արել զորամասում: Տղաս քավոր է դարձել մի 18 տարեկան զինվորի: Տղայիս սանիկը` Արսենը, պատմում էր, որ Ալեքը քավոր դառնալուց հետո միշտ իր կողքին է եղել, թև ու թիկունք է եղել պատերազմի ընթացքում: Ալեքն ու Արսենը նույն խրամատում են եղել: Հոկտեմբերի 31-ին, երբ պետք է գնային հրանոթը վերանորոգելու, ինքը Արսենին չի թողել դուրս գալ խրամատից, ինքն է գնացել մեքենայով: Ուժգին հարված է եղել ու... »:

 Ալեքի մարտական ընկեր Գոռն ընկերներին պատմել է, որ երբ  հարվածը եղել է, իրենք դուրս են շպրտվել: Երբ ուշքի է եկել, տեսել է՝ Ալեքը մեքենայի մեջ է մնացել: Գոռը հետ է դարձել, որ Ալեքին դուրս բերի մեքենայից: Այդ ժամանակ սերժանտ Սիմոնյանը դեռ գիտակցության է եղել, հետո հրդեհ է բռնկվել: Տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց հնարավոր չէ եղել փրկել զինվորի կյանքը...

 

Ալեքը պատերազմի երրորդ օրն է տուն զանգել: Տիկին Գոհարը պատմում է, որ խելագարի պես լուրի է սպասել: Երբ Ալեքը զանգել է, ձայնը չի ճանաչել: Այնքան է բղավել, որ ձայնը կտրված է եղել: Հետո Արսենը` Ալեքի սանիկը, պատմել է, որ երբ արդեն զորամասը վառվելիս է եղել, Արսենը ցանկացել է գնալ խաչով սրբիչը վերցնի, բայց քավորը թույլ չի տվել ասելով` այ տղա, սրբիչ էլի կառնենք, բայց քեզի որ բան եղավ, քեզնից չենք կարող առնել... Դեպքից մեկ օր առաջ տուն է զանգել, երկար խոսել են, ասել է՝ մա, մենք հրետանի ենք, առաջին գիծ չենք, երրորդ գիծ ենք:

 

 

 

Տիկին Գոհարի հիշողություններում դեռ թարմ է պատերազմի յուրաքանչյուր դրվագը, որը կապված է իր տղայի հետ. «Ալեքիս գնդի սարկավագն իմ աշակերտն է եղել:  Գրիգոր սարկավագը զանգեց, թե՝ եկել եմ, բայց հետ եմ դառնալու, եթե ինչ-որ բան պետք է Ալեքին, կարող եմ հետս տանել: Ալեքն ամեն օր չէր զանգում ինձ, բայց այդ օրը զանգել էր: Ասեցի՝ ի՞նչ ես ուզում, որ ուղարկեմ: Ասեց՝ հեչ բան, մա ջան, հեչ բան պետք չէ, հետո բա քաղցր` «բաունտի»: Ես էլ զարմացա, որ չեմ գիտեցել, որ ինքը «բաունտի» է սիրում: Մեկ էլ ասեց՝ 43 համարի բոթաս: Իր ոտքերը 40 համար են: Զարմացա: Ասեց՝ տղերքից մեկի համար է: Բայց ստացվեց այնպես, որ սարկավագին Ստեփանակերտից ուրիշ կողմ էին ուղարկել, տեղ չէր հասել: Ու էդ «բաունտին» սրտիս վրա ծանր էր նստել: Հետո, երբ Արսենը եկավ, հասկացանք, որ «բաունտին» իր համար չէր ուզել: Մի հրամանատար են ունեցել, որն ամեն օր ասել է` որ օրը «բաունտի» կերա, էդ օրը պատերազմը կավարտվի: Բոլորըն ընկած «բաունտի» էին փնտրում` հավատալով, որ կավարտվի պատերազմը: Մինչև «բաունտին» ճարել էին, հրամանատարը զոհված է եղել»:

 

Տիկին Գոհարը գտել է հրամանատարի մայրիկին, այցելել կապիտան Հմայակ Հայրապետյանի գերեզմանին: Կամավորներից մեկը հերոսի մորը պատմել է, որ Ալեքն ասել է՝ ես մեռնելուց չեմ վախենում, պարզապես վախենում եմ, որ մեռնեմ՝ էսքան արածս ջուրը կլցվի:

 

 Դուք չվախեցաք մեռնելուց ու դուք չմեռաք՝ դուք անմահացաք: Ձեր պայքարն իզուր չէր և ձեր կռվի անունը՝ խաղաղություն է…

 

Հայկ Մագոյան

4347