«Ինձ թվում է՝ յուրաքանչյուրիս համար ռազմագերիների և այլ գերեվարված անձանք վերադարձի խնդիրը առաջնային է, օրակարգային, և յուրաքանչյուրս ապրում ենք առնվազն սեպտեմբերի 27-ից հետո այդ խնդրով, իսկ շատերը, հավատացնում եմ, որ այս խնդրով ապրում են շատ ավելի վաղուց, որովհետև գերեվարված անձինք եղել են նաև նախկինում, և սա իրոք լրջագույն խնդիր է, լրջագույն միջազգային իրավական խնդիր է, դեռ ավելին կասեմ՝ միջազգային ոչ իրավաչափ արարքի տարրեր պարունակող խնդիր է` վերադարձնել ռազմագերիներին: Եվ այո, սկսել են գործընթացներ և այս առումով իրավական տեսանկյունից և ատելության մթնոլորտի հետ կապված, որը տարածվում է Ադրբեջանում, և պարզապես ընդգծենք` մենք այս իրավական գործընթացների մասին ձեզ հետ և մեր մասնագիտական հարթակներում խոսում ենք տասը և ավելի տարիներ, և այո, այս կառավարությունը, ի վերջո, համարձակություն է գտել իր մեջ գնալ այդ գործընթացներին և հասկանում է, թե ինչքան մեծ բարդություններ կարող են առաջացնել»: ԱԺ այսօրվա նիստում իր ելույթի ժամանակ ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ ինչ վերաբերում է նախագծերին, ապա պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը միշտ եղել և մնում է այն կարծիքին, որ գերիների վերադարձի հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք: Եվ այդ առումով պետք է գտնել պարզապես այն ճիշտ ձևաչափը, թե ինչպես պետք է աշխատել: Առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: «Մենք մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին, միջազգային հարթակներում պետք է խոսենք սրա մասին, և սա չափազանց կարևոր է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

 

Վարդանյանը հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ փակ քննարկման ռեժիմում քննարկվել է այդ հարցը, և ընդունվել է հայտարարություն, որում «արտացոլված էր մեր դիրքորոշումը այն ռազմագերիների նկատմամբ, որոնք պահվում են Ադրբեջանում»: «Այդ գործընթացն արդեն ծավալվել է, և մենք ըստ էության հայտարարությունը ընդունել ենք: Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի ձևավորմանը՝ կրկին առաջարկը ուժի մեջ է. կրկին առաջարկում եմ ձևավորել այդ խումբը և աշխատել: Շատ մարդիկ կան, որ ուզում են փրկիչ լինել: Մեզ փրկիչներ պետք չեն, մեզ աշխատող մարդիկ են պետք: Աշխատող մարդիկ, որ կարողանան խնդիրներ լուծել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

 

Հայկ Մագոյան

506