Օրեր առաջ հրապարակել ենք «Անհրաժեշտ իրավիճակի բացակայությունը» հոդվածը, որը վերհանում է միայնակ մայրերի իրավական կարգավիճակի բացակայության խնդիրը: Նախորդ անգամ խնդրին անդրադարձել էինք՝ զրուցելով միայնակ մոր կարգավիճակում գտնվող քաղաքացու հետ, որը խոսեց դժվարություններից և առաջարկեց ստեղծված իրավիճակների լուծումներ:

 

Թեմայի առնչությամբ զրուցել ենք հոգեբանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես վարվեն միայնակ մայրերը, երբ երեխան, հասկանալով հոր բացակայությունը, ունենում է մի շարք հարցեր, որոնց պատասխանը ակնկալում է մորից:

 

«Եթե հայրը գնացել է և թողել մորը մենակ, նա պետք է ստեղծի հոր կերպարը, այսինքն, եթե նույնիսկ հոր կերպարը դրական հատկանիշներով աչքի չի ընկնում, միևնույն է, պետք է նրա մասին խոսել: Տեսեք, մեզանում առկա բաժանությունների դեպքում շատ հաճախ այնպես է պատահում, որ մայրը հնարավորինս փորձում է երեխային հեռու պահել հորից, և լինում է հակառակը՝ փորձում են երեխային հեռու պահել մորից, երբ փոքրիկը հայտնվում է հայրիկի, տատիկի հոգածության ներքո: Մի կողմը մեկին է մեղադրում, մյուսը՝ մեկին, և երեխան դառնում է խաղալիք: Իրականում այս վրեժխնդրությունը մայրը և հայրը պետք է իրենց մեջ լուծեն, որպեսզի երեխան չդառնա գործիք»,- նշեց հոգեբանը:

 

«Եթե շատ անբարենպաստ է եղել բաժանումը՝ հարաբերություններ են եղել և հղիանալու պատճառով հայրը հեռացել է, այս դեպքում պետք է շատ զգույշ լինել և չնշել այդ փաստը: Պետք է երեխային ասել, որ խնդիրը պայմանավորված չէ իր գոյության փաստով, քանի որ այս դեպքում տղա երեխայի մեջ կառաջանա ատելություն ու վրեժխնդրութուն հոր հանդեպ, իսկ աղջիկ երեխան հետագայում կունենա հարաբերություններ ստեղծելու խնդիր: Հետևաբար՝ մայրը հիմնաքարը չպետք է տանի դեպի բաժանություն, այսինքն այն, որ երեխայի գոյության փաստն է հանդիսացել հեռանալու պատճառը, այլ հենց իրենց չստացված հարաբերությունները»,- ասաց նա:

 

 Հոգեբանը նաև նշեց, որ եթե հայրը զոհվել է, պարտադիր պետք է դիմել հոգեբանի, որպեսզի առաջին հերթին կինը իր մեջ խնդիրը լուծի, նոր երեխայի: Նա նկատեց, որ հաճախ կինն իր մեջ չի լուծում ամուսնու բացակայության խնդիրը, և միանշանակ է, որ վշտի հաղթահարման թերապիա պետք է անցնի, քանի որ դա ինքնուրույն վերացնել գրեթե անհնար է։

 

«Շատ հաճախ մարդիկ կարծում են, թե հարաբերությունները պետք է լինեն ընդմիշտ, բայց հարաբերությունը երկու մարդկանց շփում է, որը կարող է հասնել մի կետի, որտեղից ելք չգտնվի ու բացարձակապես պետք չէ կապել դա երեխայի գոյության հետ, որովհետև, երեխայի փաստը հիմք ընդունելով, դու նրան ես դնելու հարվածի տակ»։

 

 Հոգեբանը նշեց, որ եթե երեխան չի տեսել հորը և ցանկություն է հայտնում ծանոթանալու, պետք է հարցին շատ նուրբ մոտենալ, հոգեբանի անհրաժեշտությունն է շատ կարևոր: Մայրը չպետք է ասի, որ քո հայրը չի ուզում քեզ տեսնել, կամ ստեի, այլ պետք է գտնել ինչ-որ միջին պատասխան, օրինակ՝ հեռու տեղ է:

 

«Ի վերջո, բոլոր բաժանությունների դեպքում խնդիրը կնոջ և տղամարդու մեջ է։ Իրենք իրենց մեջ խնդիր ունեն և երեխային դարձնում են պատճառ: Շատ նուրբ պետք է մոտենալ, որպեսզի չվնասվի երեխայի ներաշխարհը: Եթե ծնողի մահվան դեպքում պետք է նշել, որ երեխան չսպասի, ապա այս դեպքում տրամադրվածություն ստեղծելը շատ սխալ է, ի վերջո, իրենք կարող են հանդիպել: Պետք է նշել, որ հայրը գտնվում է հեռվում, գուցե մի օր կստացվի և կհանդիպեք, որպեսզի երբ երեխան որոշակի տարիքի հասնի, խոսեք նրա հետ և ասեք, որ ձեր հարաբերությունները չեն ստացվել: Հակառակ դեպքում երեխայի մեջ առաջանալու է մոլի վրեժխնդրություն կամ վախ, փախուստ, ու նա ինչքան շատ մեղադրի իր ծնողին՝ ասելով, թե երբ մեծանա, այսպես չի անելու, կամ այսպիսին չի լինելու, այդքան իր մեջ ձևավորելու է այդ կերպարը և ինչքան չընդունի այդ կերպարը, այնքան նմանվելու է նրան»,- ամփոփեց հոգեբանը:

1850