Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին, ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարց ուղղեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հետաքրքրվելով Կապան, Արծվանիկ, Շուռնուխ ճանապարհով, որը, ըստ պատգամավորի, որոշ տեղերում բավականին վնասված է ու երթևեկության համար խոչընդոտներ է ստեղծում:
Նախարարի խոսքով՝ ճանապարհն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Պիտի ասեմ, որ մենք արդեն շուրջ 350 կմ ճանապարհի մասով 2026 թվականին ունենք կնքված պայմանագրեր, ևս 150 կմ-ին հիմնականում միջին նորոգման աշխատանքների մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում չափագրման և մրցույթների հայտարարման մասով: Այդ ճանապարհի որոշ հատվածներ ընդգրկված են 2026 թվականի մեր ծրագրում, բայց կոնկրետ որ հատվածներն են, դրա մասով լրացուցիչ տեղեկություն փոխանցելու անհրաժեշտություն լինի, սիրով կփոխանցեմ»,- նշեց Խուդաթյանը:
Պատգամավորի հարցին՝ ինչ ծրագրեր կան Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածի վերաբերյալ, որը վնասված է, նախարարն ասաց՝ նախորդ տարվա ընթացքում ավարտել են Խոտ-Որոտան ճանապարհը, որը վերջին տարիներին իրականացված ամենախոշոր ծրագրերից մեկն է:
«Արժեքը կազմել է մոտավորապես 4 միլիարդ դրամ: Ձեր ասած շարունակությունը՝ Խոտ-Որոտանից դեպի Շուռնուխ, մեր դիտարկվող ճանապարհների ցանկում է: Կարծում եմ՝ 2026-ի ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումով կզբաղվենք, և, մեծ հավանականությամբ՝ արդեն 2027-ին կառուցվող ու հիմնանորոգվող աշխատանքների ցանկում կլինի»,- տեղեկացրեց ՏԿԵ նախարարը:
Նա գործընկերներին կոչ արեց Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների որակը և ծավալները տեսնելու համար այցելել խոշոր նախագծերը, մասնավորապես Խոտ-Որոտան, Մեղրի-Ագարակ-Նռնաձոր ուղղությամբ:
«Այնտեղ մենք զրոյից ճանապարհներ ենք կառուցում բարդ ռելիեֆային պայմաններում, և ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ որոշ խնդիրներ ունեինք փլուզման, ջրի հետ կապված, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք, հրաշալի ճանապարհ ենք ունեցել, և այդ ճանապարհը հրաշալի է իր ռելիեֆի արդյունքում»,- խոսքը եզրափակեց նախարարը: