Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։ Այն նպատակաուղղված է թվային լուծումների ներդրմանը»,- հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Նրա խոսքով՝ Երևանում այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր, որը Երևանի մուտքերում ավտոմեքենաների հոսքի չափումներ է իրականացնելու։

«Նախ եկեք հասկանանք, թե առհասարակ ինչու է Երևան քաղաքում խցանումներ, առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է, տնտեսական աճը բերել է ավտոմեքենաների քանակի ահռելի աճի։ Իրականում, մենք որքան էլ Երևան քաղաքում ավելացնենք հանրային տրանսպորտը, հանրային տրանսպորտը իր ժամանակացույցով չի կարողանալու աշխատել, եթե մենք չունենք սահմանափակում մարդատար ավտոմեքենաների համար: Մարդատար ավտոմեքենաների համար վստահորեն պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ և դրանք փոխարինվեն հանրային տրանսպորտի առանձնացված ուղեգծերով:

Մենք այս պիլոտի արդյունքում ունենալու ենք հստակ թվեր, թե քանի ավտոմեքենա է Երևան քաղաք այս պահի դրությամբ մուտք գործում, քաղաքի որ հատվածներում ու ինչ կայանման տեղեր պետք է ստեղծվեն, և ինչ տեսակի սահմանափակումներ են մտնելու մարդատար ավտոմեքենաների համար: Սա է լինելու այն փաստահեն արդյունքը, որ մենք ունենալու ենք Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքի արդյունքում: Հուսով ենք, որ նախնական պատկերը ունենալու ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, իրականացնելու ենք 2027 թվականին»- նշել է Ավինյանը:

78