Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակում մշակվել է Red Book of Armenia բջջային հավելվածը, որը նախատեսված է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու և հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող շարժական սարքերի համար և հնարավոր է անվճար ներբեռնել App Store-ից և Google Play Store-ից։
Red Book of Armenia հավելվածն ունի գիտական, էկոկրթական և ճանաչողության բարձրացման նպատակ և հնարավորություն է տալիս ծանոթանալ Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների՝
• կենսաբանական դասակարգմանը,
• թվաքանակին,
• բնակեցման և տարածման վայրերին,
• ձևաբանական առանձնահատկություններին,
• պահպանության կարգավիճակին և այլ կարևոր տեղեկությունների։
Հավելվածի ինտերակտիվ քարտեզի միջոցով կարելի է տեսնել տեսակների տարածվածությունը Հայաստանի տարածքում։
«Հետադարձ կապ» գործիքը հնարավորություն է տալիս օգտատերերին մասնակցել կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրման և տվյալների հավաքագրման գործընթացին՝ փոխանցելով դաշտային դիտարկումների ընթացքում հայտնաբերված տեսակների լուսանկարներ և այլ տեղեկություններ։