Հունվարի 1-ից նոր փոփոխություններ են եղել վարորդական իրավունքի նոր վկայական ստանալու կարգում:

Այս առնչությամբ X-Drive ավտոմոտոդպրոցի հիմնադիր Արտաշես Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են՝  բոլոր փոփոխությունները դեռ տեղի չեն ունեցել. «Ներկա պահին փոխվել է երկու բան. տեսական հարցաշարի մեջ ունենք 620 հարց, երբ համակարգիչը դիմորդի առջև բացելու էր 20 հարց և պատասխանելու համար տալու է 30 րոպե ժամանակ, պարտադիրը 18 ճիշտ պատասխանն է: 620-ը դեռ չի դարձել 1200 հարց, բայց հարցաշարը մեծանալու է: Տեղի է ունեցել նաև փոփոխություն գործնական վարման հետ կապված»:

Մեր զրուցակիցը փոփոխությունները ընդհանուր առմամբ դրական է գնահատում. «Այստեղ մի կոռուպցիոն ռիսկային մեխանիզմ կարող է լինել, երբ վարորդի թեկնածուն և ՀՔԲ տեսուչը միասին դուրս են գալիս քաղաք: Մենք առաջարկել էինք մեքենաները վերազինել տեսախցիկներով կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար: Հուսով եմ՝ հետագայում դա էլ կլինի»:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ևս հիմնականում ողջունելի է համարում փոփոխությունները և կիսում է իր գործընկերոջ մտահոգությունները կոռուպցիոն ռիսկերի առումով:

 

Աղբյուր՝ 1in.am

24 Հունվար, 2021 17:39
511
; ;