Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին ։

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելով։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Երկուշաբթի Միշուստինը «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ։

«Ակնկալում ենք, որ քվեարկության և ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիականության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Միշուստինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ դարձել է նրա առաջին արտասահմանյան այցը Հայաստանում անցկացված ընտրություններից հետո։

«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։ Ցուցահանդեսի պատմության մեջ առաջին անգամ դրա գործընկեր երկիրն է Ինդոնեզիան։

249