Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերից մեկն Իրանի հետ համատեղ արտադրանքի և առևտրաշրջանառության ծավալի ավելացումն է»: Նախարարը նման հայտարարություն է արել Իրանի Սպահան նահանգի նահանգապետ Աբբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ: 1lurer.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Pars Today-ը: Քերոբյանն ասել է. «Իրանցի արտադրողները կարող են օգտագործել Հայաստանում առկա պոտենցիալը՝ իրենց արտադրանքն ամբողջացնելու և արտահանելու համար»: Աբբաս Ռեզային կիրակի օրը Սպահանի հյուրանոցներից մեկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման շրջանակներում նշել է. «Սպահանն ունի ավելի քան 10 հազար արդյունաբերական միավոր, որը հարմար վայր է ներդրողների համար, և հարևան երկրները կարող են այս նահանգի տարբեր ոլորտների պոտենցիալներն օգտագործել ներդրում կատարելու համար»: «Կոշտ պատժամիջոցների հետևանքով արգելքներ են դրվել առևտրային հարաբերությունների և ներդրումների վրա»,- հավելել է Սպահանի նահանգապետը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ: 

25 Հունվար, 2021 12:09
148
; ;