Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 1-2-ը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը Փարիզում մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի ղեկավար հանձնախմբի տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև համաժողովի շրջանակում կազմակերպված՝ ջրերում նորահայտ աղտոտիչների, գետավազանային կառավարման և պլանավորման թեմաներով աշխատաժողովներին։ 

Համաժողովում Նվարդ Վարդանյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում գրանցված առաջընթացը և նախանշելով Ջրային կոմիտեի ակնկալիքները։ ՋԿ նախագահի տեղակալը մասնավորապես, ընդգծել է ԵՄ քաղաքային կեղտաջրերի մաքրման դիրեկտիվին մոտարկման, ինչպես նաև ոռոգման ջրի վճարների և Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) տրամադրվող սուբսիդիաների համակարգի բարեփոխման վերաբերյալ ուսումնասիրության կարևորությունը։ 

Վարդանյանը նաև մասնակցել է Ֆրանսիայի Արտուա-Պիկարդի գետավազանային խորհրդում կազմակերպված քննարկումներին, որոնց ընթացքում, ի թիվս այլ թեմաների, ներկայացվել է ֆրանսիական կողմի փորձը ոռոգման, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման ոլորտներում՝ հաշվի առնելով ոլորտը կարգավորող ԵՄ առանցքային ջրային դիրեկտիվները՝ Ջրի շրջանակային դիրեկտիվը, Քաղաքային կեղտաջրերի մաքրման դիրեկտիվը, Նիտրատների դիրեկտիվը և Խմելու ջրի դիրեկտիվը։ 

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա իրականացումը և Հայաստանի ջրային ոլորտին տրամադրվող աջակցության շարունակականության ապահովման հարցերը։

72