Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2022-2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մի շարք դրույթներ։ Այդ մասին հայտնում են Ջրային կոմիտեից:
 
Քննարկումը վարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների իրականացման նպատակով ընտրված «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ինգո Թյովսը, ընկերության ղեկավարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ֆինանսական մասնագետ Հասմիկ Հովսեփյանը։
 
Անկախ տեխնիկական աուդիտի միջոցով հնարավոր կլինի առավել համապարփակ գնահատել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը սահմանված կատարողական ցուցանիշներին։
 
Գնահատման հիմնական կատարողական ցուցանիշներն են՝

  • մատակարարվող ջրի որակը,
  • ջրամատակարարման շարունակականությունը,
  • չհաշվառվող ջրի մակարդակը և բաժանորդների
  • գոհունակության մակարդակը։

Վերջինիս գնահատման նպատակով տեխնիկական աուդիտի շրջանակում, ի թիվս այլ գործառույթների, նախատեսվում է իրականացնել բաժանորդների գոհունակության պատահական ընտրանքով հարցումներ, որոնց արդյունքները կներառվեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության գնահատման հիմնական ցուցանիշների շարքում։
 
Վարձակալության պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշների չապահովման դեպքում անկախ տեխնիկական աուդիտի արդյունքները հիմք են հանդիսանալու պայմանագրով նախատեսված տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։

294