Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթացում հասել են վերջնական փուլին, իսկ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն ամբողջությամբ համաձայնեցված է և նախաստորագրված։
Այս մասին թուրքական Milliyet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում սիրում են խոսել խաղաղության մասին։ Սակայն եկեք հիշենք պատմությունը․ Ֆրանսիան և Գերմանիան Ելիսեյան պայմանագիրը ստորագրեցին միայն 1963 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 18 տարի անց։ Մենք, ընդհակառակը, խաղաղության համաձայնության հասանք ընդամենը երկու տարվա ընթացքում՝ ցույց տալով խաղաղության անկեղծ ձգտում՝ չնայած անցյալի ծանր ժառանգությանը»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։
Հիքմեթ Հաջիևը դրական է գնահատել Հայաստանի գործող ղեկավարության կողմից «իրական Հայաստանի» հայեցակարգի առաջմղումը․ «Մենք մտադիր չենք միջամտել Երևանի ներքին գործերին։ Մեր նպատակն է զուգահեռաբար և արդյունավետ կերպով ավարտին հասցնել ինչպես ադրբեջանա-հայկական, այնպես էլ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացները»։
Հաջիևը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև TRIPP ենթակառուցվածքային նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ամերիկյան կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ այս նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը ամբողջությամբ կավարտվի արդեն այս ամռանը, որից հետո կսկսվի ակտիվ շինարարության փուլը»,- նշել է նա։