Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Այս տարի այն նշվում է օգոստոսի 16-ին։ 

Վերափոխման տոնին՝ Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Աստվածածնի Վերափոխման տոնին պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որ նա օրհնի տաճարին ընծայված խաղողի պտուղներն իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, որի միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

151