Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։
Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։ Բոկա Ռատոնից մոտ 24 կիլոմետր հեռավորության վրա ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ խափանվել է աջ ուժային կայանքը, իսկ վայրէջքի շասսին դադարել է աշխատել։
Սկզբում օդաչուն ծրագրում էր վթարային վայրէջք կատարել Բոկա Ռատոնի օդանավակայանում, սակայն հետո որոշել է, որ թռիչքուղու վրա վայրէջքը կարող է հրդեհի հանգեցնել․ ինքնաթիռը վերջերս էր լիցքավորվել, իսկ անսարք շասսին մեծացնում էր կոշտ վայրէջքի վտանգը։
Տեղական ժամանակով առավոտյան մոտ 09:40-ին Թենքլին ինքնաթիռն ուղղել է դեպի ջուրը։ Ականատեսների տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը իջնում լողափի վրայով, անցնում շենքերի և ջրում գտնվող հանգստացողների միջև, ապա սահուն կերպով ջրային վայրէջք կատարում ափից ոչ հեռու։
Փրկարարները ինքնաթիռին հասել են մոտ մեկ րոպե անց։ Թենքլին ինքնուրույն դուրս է եկել ջրից և տեղափոխվել հիվանդանոց՝ կանխարգելիչ զննության համար։ Նրա մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Լողափում գտնվող օդաչուներից մեկը նշել է, որ Թենքլին գրագետ է հաղթահարել վթարային իրավիճակը։ Ըստ նրա, այն փաստը, որ ջրային վայրէջքից հետո ինքնաթիռը գրեթե ամբողջական է մնացել, վկայում է այն մասին, որ օդաչուն մինչև վերջ պահպանել է օդանավի կառավարումը։
Թենքլին շուրջ չորս տարի ունի օդաչուի լիցենզիա։ Վայրէջքից հետո ինքնաթիռը մասամբ սուզվել է ջրի մեջ։