Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արսեն Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփել է հաշվետվությամբ։

«Այսօր լրանում է որպես ԱՍՀ նախարար իմ պաշտոնավարման մեկ տարին, և ես ցանկանում եմ կից ֆորմատով ամփոփ հաշվետվություն ներկայացնել Ձեզ բոլորիդ»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարն ու ներկայացրել իրականացվող ծրագրերը։

1. 2026թ. ապրիլի 1-ից բարձրացվել են կենսաթոշակների և նպաստների չափերը։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի և ծերության նպաստի չափերը սահմանվել են 46 հազար դրամ (36 հազար դրամի փոխարեն), միջին կենսաթոշակի չափը 49 հազար դրամից բարձրացել է՝ հասնելով 59 հազար դրամի (հետվճարի միջին չափի հետ միասին՝ 67 հազար դրամ)։

2. 2026թ. ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները, վճարվում են անկանխիկ եղանակով։

3. 2026թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

4. 2026թ. հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 հազար դրամ աջակցությունը դարձել է պետական նպաստ. այն կտրամադրվի ամսական պարբերականությամբ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

5. Գործում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ. նպաստները նշանակում, հաշվարկում և վճարում է Միասնական սոցիալական ծառայությունը։ Շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունի. նպաստը տրամադրվում է անկանխիկ եղանակով։

6. Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքներից օգոստոս ամսին հետվճար է ստացել շուրջ 561 հազար 569 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է 8194 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 533 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 61,1 մլրդ դրամ հետվճար։

7. Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող 100 տարին լրացած անձանց տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ գումար։ Այն տրամադրվում է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ։

8. Վերաբացվել է Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը. ծրագրից օգտվել է մինչ օրս 3348 ընտանիք, որից 3142-ն արդեն վարկավորվել է, իսկ 448-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։

9. 2027թ. նախատեսվում է իրականացնել բնակապահովման պետական աջակցության ծրագիր 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար։ Ծրագիրը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին ՀՀ մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։

10. 2026թ. հուլիսի 1-ից մեկնարկել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։ Ծրագրի շրջանակում տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին աջակցություն է տրամադրվում 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40 հազար դրամ:

11. Իրականացվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։

12. 2027թ. հունվարի 1-ից կմեկնարկի զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ hաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար։ Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքեն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն) կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։

13. 2026թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում գործարկվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։ Գնահատման նոր համակարգով ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կունենան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղի չափով։ Նոր համակարգի ներդրման արդյունքում պիլոտավորված՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում նպաստի միջին չափն օգոսոտոսի 1-ի դրությամբ կազմում է 82 հազար դրամ, իսկ առավելագույն չափն ավելի քան 273 հազար դրամ։

14. ՀՀ մանկատան շրջանավարտներին տրվող բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում աջակցության չափը 6,3 մլն դրամից սահմանվել է 8,7 մլն դրամ։ Միաժամանակ, կարգավորվել է ԲԳՎ ստանալու իրավունք ձեռք բերած, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չավարտած կամ սահմանված ժամկետի ավարտից հետո ԲԳՎ ստանալու համար դիմած անձանց (21 անձ) հարցը։

15. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կարող են ստանալ նաև մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք. փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով 2026 թ.:

16. ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել է 30%-ով։

17. Մշակվել է ԱՍՀ նախարարության և Միասնական սոցիալական ծառայության նոր բրենդինգը, այս գաղափարաբանությամբ ստեղծվել է նոր լոգոտիպ։

18. Ներդրվել է «ծնողական ժամ» կարգավորումը, որից կարող են օգտվել աշխատող ծնողները և աշխատանքային օրվա ընթացքում կարող են ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

19. Մի շարք օրենքներից հանվել է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի սահմանափակումը․ փոփոխությունը հնարավորություն է տալիս աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորել զուտ միայն տարիքը լրանալու հանգամանքով, այլ պաշտոնը զբաղեցնող անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով և արդյունքահեն գործունեությամբ։

20. 2026թ. հուլիսի 1-ից պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով․ արդյունքում տրամադրվող աջակցող միջոցների ընդհանուր թիվը դարձել է 162։ Բարձրացվել են նաև որոշ պարագաների փոխհատուցման արժեքները։

21. Շարունակվում են համայնքային փոքր տների բարեկարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ակնաշենի համայնքային փոքր տան շինարարական աշխատանքներն ավարտված են, այն բնակեցված է։ Գեղակերտի համայնքային փոքր տան շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական և գույքային համալրման փուլում։ Մրգաստան համայնքում գտնվող փոքր տան հիմնանորոգման աշխատանքները նախագծման փուլում են։

22. Ընթացքի մեջ են Մեծամորի անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքները։ Կենտրոնում նախատեսվում է ապահովել մատչելի միջավայր հաշմանդամություն ունեցող անձանց հենաշարժական համակարգի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան ծառայությունների մատուցման համար։

23. Վերանորոգվում և բարեկարգվում են տարեցների ու երեխաների խնամքի հաստատությունները․

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն՝ հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են,

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են,

Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն՝ նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկ,

Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկ,

Երևանի Մանկան տուն՝ գտնվում է նախագծման փուլում,

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկ,

Գյումրու երեխաների տուն՝ գտնվում է նախագծման փուլում,

Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ գտնվում է նախագծման փուլում։

24. Շարունակվում են սոցիալական բնակարանային ֆոնդի նախագծման, հիմնանորոգման և շինարարական աշխատանքները։

70