Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թող ոչ ոք Հայկական ԱԷԿ-ի մասին ինձնից շատ չանհանգստանա, ես կայանի համար պատասխանատու առաջին անձն եմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ արձագանքելով NEWS.am-ի թղթակցի «Հայկական ԱԷԿ-ի անվտանգության սպառնալիքի» և դրա փակման վերաբերյալ Ալիևի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։

Նա ընդգծել է, որ ԱԷԿ-ը Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պարտավոր է լավ հոգ տանել դրա մասին։ Մարտիրոսյանը հորդորել է ցույց տալ գոնե մեկ ատոմակայան, որտեղ 153 օրվա դադարի ընթացքում իրականացված լիներ 20 ակտիվ միջոցառում, ինչպես արվեց Հայկական ԱԷԿ-ում։

«Ոչ ոք նման կարճ ժամանակահատվածում այսքան արդիականացում չի իրականացրել։ Վերջերս եվրոպական կայաններից մեկը հայտարարեց, որ արդիականացման համար 6 տարի է պահանջվել։ Նայեք, թե ինչ հսկայական, գրեթե հերոսական աշխատանք ենք կատարել։ Չեմ ուզում որևէ մեկին գովաբանել, բայց արված աշխատանքը կգնահատեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետները, որոնք պարբերաբար այցելում են կայան»,- նշել է նա։

221