
«Ավիատոմսերը իրականում չեն թանկացել: Ուղղակի պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը շատ շուտ են սպառվել»,- պարզաբանեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը, նշելով, որ մինչև փետրվարի 1-ը շուկայում ծանրաբեռնվածությունը միջինը 50-60 տոկոս է եղել, իսկ հիմա օդանավերը 100 տոկոսով ծանրաբեռնված են:
«Հետևաբար մնացած հիսուն տոկոսի գների կատեգորիան ավելի բարձր է, քան նախկին տոմսերինը: Հիմա մնացել են բիզնես կարգի տոմսեր, առաջին կարգի դասի տոմսեր: Այսինքն՝ տոմսերի արհեստական թանկացում տեղի չի ունեցել շուկայում: Քանի որ ավելի շատ են սպառվում, մնացել են միայն թանկ տոմսերը, ինչը նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում»,- ասաց Խաչատրյանը:
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորները բողոքում են ՌԴ մեկնելու հետ կապված տեխնիկական խնդիրներից: Նշենք`ավիաընկերության ղեկավարությունը քաղաքացիներին հորդորեց մոտենալ կենտրոն, վերացնել թերությունները, և խոստացավ անվճար փոխել տոմսերը:
Հիշեցնենք` կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ դեպի ՌԴ պիլոտային ծրագրով առաջին թռիչքները կարող են տեխնիկական խնդիրներ ունենալ:
Հայկ Մագոյան