Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պաշտոնից հրաժարական է տվել՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ։
Երեկոյան նրա կողմնակիցները հավաքվել են պետության ղեկավարի նստավայրի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու համար։ Վուչիչը դիմել է հավաքվածներին և շնորհակալություն հայտնել 2017 և 2022 թվականների նախագահական ընտրություններում տարած հաղթանակների համար։
«Սերբիայի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն հրաժարվում եմ Հանրապետության նախագահի պաշտոնից»,- հայտարարել է Սերբիայի ղեկավարն ու ստորագրել փաստաթուղթը։
Վուչիչը Սերբիայի նախագահ է դարձել 2017 թվականի մայիսի 31-ին և վերընտրվել 2022 թվականի ապրիլին։ Նրա նախագահության երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի կեսերին։ Սերբիայի Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի։
Վուչիչն իր հրաժարականի մասին հայտարարել էր դեռևս 2025 թվականի օգոստոսին, սակայն այդ ժամանակ նա պաշտոնից հեռանալու որոշումը չէր կապում վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագրերի հետ։
Սեպտեմբերի սկզբին Վուչիչը հայտարարել է Ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) լուծարման մասին և արտահերթ ընտրություններ նշանակել հոկտեմբերի 25-ին։ Միաժամանակ, իշխող «Սերբական առաջադիմական կուսակցության» գլխավոր կոմիտեն հաստատել է, որ Վուչիչը գլխավորելու է «Միացյալ Սերբիա»-ի ընտրական ցուցակը։ Հաղթանակի դեպքում նա նաև հանդես կգա որպես վարչապետի թեկնածու։
Սերբիայի նախագահի պաշտոնակատար կդառնա Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը։