Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:

 

Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

 

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:

 

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

 

178