Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, փոխնախագահ Վաղինակ Վարդանովը և հանձնաժողովի անդամ Անուշ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանում և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային և Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության և ԱԺ մշտական հանձնաժողովի համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին:

Քննարկվել են խորհրդարանական վերահսկողությանը, հանձնաժողովի տիրույթում գտնվող ոլորտներում փորձի փոխանակմանը, գենդերային քաղաքականությանը վերաբերող, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցությանն ու դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

45