Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ նրանք ԿԳՄՍ նախարարության առանցքային գործընկերներն են: Նա հատկապես ընդգծել է նախարարությանը կից Գիտամեթոդական խորհրդի դերը, որի անդամները ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ են. «Հայաստանում բոլոր հուշարձաններին առնչվող նախագծերը քննարկվում են Գիտամեթոդական խորհրդում, որտեղ ճարտարապետներն իրենց մասնագիտական ներուժը ծառայեցնում են մշակութային ժառանգության պահպանմանը»։ Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական քաղաքականությամբ մշտապես աջակցելու է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստելու են հայկական մշակույթի հանրահռչակմանը՝ մեջբերելով օրերս Բարսելոնայում անցկացվող ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է պետության աջակցությամբ:

 

Ալֆրեդ Քոչարյանը ճարտարապետության ոլորտում բազմամյա փորձի, մնայուն աշխատանքի և սեփական փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Ճարտարապետության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանին և վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանին:

Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը»,-նշել է Եղիազար Վարդանյանը: Մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների Եղիազար Վարդանյանը շնորհել է կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։

 

Օրվա շրջանակում հայտարարվել է, որ այսուհետ Հայաստանի ճարտարապետների պալատը ևս մեդալ շնորհելու հնարավորություն ունի: Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Ճարտարապետներին շնորհվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրեր:

Ի նշանավորումն տոնի՝ Հայաստանի ճարտարապետների պալատը կազմակերպել էր «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։

Նշենք, որ Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

81