Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանը համոզված է, որ տարածաշրջանային կառույցները, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ), պետք է բաց լինեն համագործակցության համար։ Այդ նպատակով հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է ապահովել Ռուսաստանի մասնակցությունը կազմակերպության գործունեությանը։
Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբեթ Կոնուսպաևը։
«Այս համատեքստում հատկանշական է հոկտեմբերի 30-ին Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահն առաջարկել է քննարկել Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «ԹՊԿ+» ձևաչափով կամ նրան դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու հարցը։
Այս նախաձեռնությունն արտացոլում է Ղազախստանի համոզմունքը, որ տարածաշրջանային միավորումները պետք է բաց մնան շահագրգիռ գործընկերների հետ կառուցողական փոխգործակցության համար։ Նման մոտեցումը կարող է ամրապնդել վստահությունը և ապահովել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների փոխլրացումը»,- ասել է նա Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության IV միջազգային համաժողովում։