Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խոսելով տարածաշրջանային խաղաղության, համագործակցության և զարգացման մասին՝ հնարավոր չէ շրջանցել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը բավականին ակտիվ է և արդյունավետ։
«Առանձին համագործակցության դրսևորումներ են եղել և կշարունակվեն, ինչպիսիք են, օրինակ, ուսանողների համար կրթաթոշակները, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգումը, Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովները։ Այդպիսի մի համաժողով եղավ Կարսում ամռանը, և ահա դրա մյուս փուլը լինելու է Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը Հայաստանում։ Կարծեմ՝ մյուս տարվա սկզբին արդեն կկարողանանք դա անել»,— ասաց Միրզոյանը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն է եղել առաջին համաժողովի դեպքում, և վստահություն հայտնելով, որ երկրորդի դեպքում էլ այդպես կլինի թե՛ հայաստանցի, թե՛ Թուրքիայի գործարարների կողմից։
ԱԳՄԱ նախարարն անդրադարձավ այդ աստիճանական դրսևորումներից մի էական դրսևորմանը, հիշեցրեց՝ նախկինում տեխնիկապես Հայաստան-Թուրքիա առևտուրն իրականացվում էր երրորդ երկրների միջոցով, և ահա այդ խոչընդոտն ընթացիկ տարում վերացվել է։
«Նկատի ունեմ Հայաստանից Թուրքիա և Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծում-արտահանումը։ Այժմ դա մաքսային իմաստով ուղիղ է, իհարկե, աշխարհագրորեն դեռևս երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով է տեղի ունենում»,- պարզաբանեց նա։
Միրզոյանի խոսքով՝ չնայած ամբողջ առաջընթացին ու առկա դրական դինամիկային ու բովանդակությանը՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ, սակայն ինքն առիթ է ունեցել մի քանի անգամ ասելու՝ գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունեն այնպիսի լավ փոխըմբռնում, որ մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատում։