Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անհետ կորած անձանց հետ կապված խնդիրները մեր ժամանակակից կյանքի ամենածանր հարցերից մեկն են. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, այս թեմայի առանցքային բառը «անհայտն» է, քանի որ խնդիրն ավելի է բարդանում բազմաթիվ անհայտ հանգամանքների պատճառով։ Ըստ էության, մենք գործ ունենք բազմաթիվ անհայտներով խնդիր լուծելու հետ։ Հենց սա է հիմնական բարդությունը։
Երբեմն, գտնվելու վայրը չպարզված անձանց հարազատների հետ հանդիպումների և քննարկումների ընթացքում նրանք ակնկալում են ստանալ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ։ Սակայն ամենաբարդն այն է, որ այդ հարցերի պատասխանները պարզապես դեռ չկան, և մեր խնդիրն այդ պատասխանները գտնելն է»,- ասել է նա։
Նրա խոսքով, հատկապես գտնվելու վայրը չպարզված անձանց ճակատագրի պարզաբանման հարցում անհնար է առաջ շարժվել առանց միջազգային համագործակցության։ «Բազմաթիվ հարցերի հնարավոր պատասխանները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նույնիսկ դուրս են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակից։
Հետևաբար, առանց միջազգային համագործակցության, ինչպես նաև միջազգային փորձի մանրակրկիտ ուսումնասիրության և միջազգային պրակտիկայում կիրառված ու հաջողված մոտեցումների ներդրման՝ այս խնդրի լուծումն անհնար կլինի»,- ասել է նա։
ՀՀ-ն այսօր առևերսվում է շուրջ 1000 անհայտ կորած անձանց խնդրի հետ, նրանց շուրջ 777-ը անհայտ կորած են համարվում դեռ 90-ականների սկզբից.
«Այս խնդրի լուծման ամենաարդյունավետ ձևը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է։ Դուբլինում տեղի ունեցած քննարկումներին մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները»,- ասել է նա։