Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել է, թե որ դեպքերում կարող է կիրառվել նոր Սահմանադրության նախագծով նախատեսվող՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը։

Երևանում անցկացվող հայ-վրացական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ աշխարհի երկրների մեծ մասն ունի նման իրավական գործիք։

Գալյանի խոսքով՝ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե անձին հնարավոր կլինի զրկել քաղաքացիությունից հանցագործության մեղադրանքի հիման վրա։ Նախարարը պարզաբանել է, որ նման դրույթը կարող է կիրառվել միայն սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների, պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիքի հրապարակման և նմանատիպ այլ հանցագործությունների դեպքում։ Ընդ որում՝ դրա համար անհրաժեշտ կլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Նախարարը նշել է, որ Հայաստանը չի միացել Քաղաքացիության մասին կոնվենցիային, սակայն մասնակցում է Քաղաքացիություն չունեցող անձանց թվի կրճատման մասին կոնվենցիային։ Նրա խոսքով՝ քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դրույթը չպետք է հակասի այդ կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Գալյանը վստահեցրել է, որ բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կտրվեն, և հորդորել է առայժմ չտրվել մանիպուլյացիաներին։

Նա անհիմն է համարել այն պնդումները, թե հնարավոր կլինի անձանց քաղաքացիությունից զրկել հանրահավաքներին մասնակցելու կամ այլ երկրներին հանձնելու նպատակով՝ դրանք որակելով որպես «ֆանտաստիկայի ժանրից»։

231