Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաների նախագահներ Ռոբերտ Խաչատրյանը և Սարգիս Բազինյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, որը հայ մարզիկներին Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կտա։

«ՍԻԱՍ» ակադեմիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ում վստահեցմամբ՝ համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու հայկական սպորտի համար․ «Գրեփլինգն ըմբշամարտի համաշխարհային միության անբաժանելի մասն է և զարգանում է բավականին արագ տեմպով։ Այս համագործակցությունը Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիային հնարավորություն կտա պաշտոնապես ներկայանալու UWW-ում և մասնակցելու պաշտոնական մրցումներին։ Ըմբշամարտի ֆեդերացիան Հայաստանի կայացած և արդյունավետ գործունեություն ծավալող ֆեդերացիաներից է, ուստի վստահ եմ՝ այս համագործակցությունը տալու է իր դրական արդյունքները, այն միմիայն օգուտ է բերելու հայկական սպորտին և ճանաչում մեր երկրին»։

Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաների նախագահներ Ռոբերտ Խաչատրյանը և Սարգիս Բազինյանը հավաստիացրել են, որ ջանք չեն խնայի համագործակցության արդյունքները հնարավորինս շուտ զգալու համար։

Սարգիս Բազինյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և Ռոբերտ Խաչատրյանին ներկայացրել է, թե ինչ պայմաններում են մարզվում գրեփլինգի ֆեդերացիայի մարզիկները։ Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ, ինչը մարզումներն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն կտա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել և ընդգծել, որ կսպասի ֆեդերացիայի՝ միջազգային հարթակներում գրանցած հաջողություններին:

17 Փետրվար, 2021 12:34
75
; ;