
1869 թ. փետրվարի 19-ին Լոռիում ծնվեց հայ գրականության ապագա հանճարը` Հովհաննես Թումանյանը: Հայաստանում այս օրը ընդունված է համարել գիրք նվիրելու օր:
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Araratnews.am-ը նախաձեռնել է մարզական լրագրողների հետ շարք՝ սիրելի գրքերը, որոնք նրանք խորհուրդ կտան ընթերցելու:
Ձեզ ենք ներկայացնում այն գրքերը, որոնք խորհուրդ է տալիս ընթերցել մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը։
Ստեֆան Ցվայգ «Շախմատային նովել»
Շախմատը այն խաղն է, որից իրականում հաճույք ես ստանում, երբ խաղալ գիտես։ Բայց «Շախմատային նովել»-ը ապացուցում է հակառակը, որ շախմատը որքան էլ տևական ժամանակ է պահանջում, սակայն պարզապես կողքից դիտելու համար ոչ բոլորին է հարմար կամ հաճելի։ Կարելի է կարդալ գիրքը, որում շախմատի էությունը այնքան հաճելի ու տրամաբանական է նկարագրվում, որ եթե անգամ ինքդ խաղալ չգիտես, ուզում ես սովորել։
Հարուկի Մուրակամի «Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին»
Այս գիրքը հայերեն թարգմանությամբ կա, ի սկզբանե գրվել է անգլերենով։ Շատ հաճելի է նման գիրք ընթերցելը, եթե դու աթլետիկայի հանդեպ սեր ունես և, առհասարակ, եթե մարզասրահ ես հաճախում, առողջ ապրելակերպ ես վարում։ Հեղինակը տրամաբանական հետաքրքիր հարցեր է բարձրացնում, թե ինչու պետք է զբաղվել սպորտով, ինչ պետք է մտածել այն ժամանակ, երբ սպորտով ես զբաղվում, առաջարկում է մի տեսություն, համաձայն որի՝ վազքը դառնում է ֆիզիկական յոգա։ Խորհուրդ եմ տալիս հատկապես աուդիոտարբերակով կարդալ երկար վազքի ժամանակ։
Վիկտոր Կորչնոյ «Անտիշախմատ»
Սովետական միության ամենատաղանդավոր շախմատիստներից մեկն է եղել Վիկտոր Կորչնոյը, որի «Անտիշախմատ» գործը շատ յուրահատուկ աշխատություն է։ Ինքը բացահայտում է այն ժամանակվա գերտերությունների միջև պայքարի առանձնահատկությունները։ Իհարկե, Կորչնոյը սեփական կարծիքն է առաջ մղում, միայն իր սուբյեկտիվ տեսություններն են, բայց ամեն դեպքում, որպես մարդ, որը հետագայում փախչելով Սովետական միությունից, ներկայացնում էր Շվեյցարիան, այդ տեսանկյունից մեծագույն արժեք է ներկայացնում «Անտիշախմատ» գիրքը։ Այն շատ քիչ տարածում ունի և իր միջի թեզերը, գաղափարները շատերը մերժում են, բայց ամեն դեպքում գիրքը շատ կարևոր գործ է հասկանալու համար շախմատի կարևորությունը նույն եվրոպական երկրների, Ամերիկայի ու ԽՍՀՄ-ի համար։
Հայկ Դեմոյան «Հայկական սպորտի մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»
Սա բացառիկ աշխատություն է։ Որևէ գիրք մեր ժամանակներում չի գրվել որպես հայկական սպորտային կյանքի իրականություն, որպես կյանքի ամփոփագիր, դա բացառիկ փորձ է ներկայացնելու հայկական սպորտի ամենավաղ սաղմնային վիճակի, հատկապես ֆուտբոլի, հայկական օլիմպիական խաղերի գաղափարի տարածման, էության ու դրա նպատակի ու նշանակության պատմությունը։ Հայկ Դեմոյանը ուղղակի ֆանտաստիկ գործ է արել, դա ժամանակի ու տարածության մեջ մշտապես ապրող աշխատություն է։ Գրքի նշանակությունը հայկական սպորտի պատմության առումով համեմատելի է հայոց լեզվի ոլորտում Աճառյանի հսկայածավալ աշխատությունների կարևորության հետ։
Ումբերտո Էկո «Վարդի անունը»
Դա թարգմանական գրականության բացառիկ օրինակ է։ Զավեն Բոյաջյանի թարգմանած այս գործը բնագրից նախ իդեալական է, երկրորդը՝ ցույց է տալիս, թե որքան հարուստ է հայերենը և շարունակում է մնալ այդպիսին։ Զավենի հետ մեր խոսակցությունների ու հարցազրույցների ժամանակ նա ասում էր, որ հասկացել է, թե որքան բարդ է թարգմանել նման աշխատությունը։ Ու հասկացել է, որ ինքն այս մի գործով կսահմանափակվի։
Մկրտիչ Արմեն «Երևան»
Գործը նվիրված է Երևանի կյանքին խորհրդայնացման առաջին շրջանում, երբ Երևանը տրանսֆորմացվող քաղաք էր, դառնում էր ցարական գուբերնիա հիշեցնող քաղաք և վերածվում էր նոր խորհրդային կարգերով հանրապետություններից մեկի մայրաքաղաքի։ Այդպիսին պետք է դառնար Երևանը, երբ դեռ շատ բաներ կային, որ հիշեցնում էին հին, ճիշտ ընկալումների Երևանը, սև շենքերը և այլն։ Այդ հասարակության մեջ ընկալումները, շինարարությունը, աշխատանքը, Զանգվի ձայները, Նոր Նորքի նկարագրությունը, ինչպես են մարդիկ ապրում։ Իր տեսակի մեջ բացառիկ աշխատություն է, քանի որ մենք նման մարդկանց հիշողությունների հիման վրա գրված էպոպեաներ չունենք։
Յուլիա Լատինինա «Հիսուս»
Այն ռուսերեն աշխատությունն է։ Գրվել է 2018 թվականին։ Այն ֆանտաստիկ գիրք է բոլոր նրանց համար, ովքեր կույր հավատացյալ չեն ու պատրաստ են ունեցած փաստերի հիման վրա հետաքննություն անցկացնել։ Գիրքը պատմական հետաքննության բացառիկ օրինակ է, երբ հեղինակն իր վրա գրեթե անհասանելի խնդիր է դնում, որ մենք փորձենք քննել հարյուրավոր տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը։ Այն փաստերի, որ մենք ունենք, շատ փոքր են, բայց ամեն դեպքում, Յուլիա Լատինինան հսկայական աշխատանք է տարել հասկանալու համար, թե արդյոք կարող է գոյություն ունենալ Հիսուս Քրիստոս կերպարը և եթե այո, ապա ինքը ինչ էր իրենից ներկայացնում, իր գաղափարախոսությունը ինչ էր, ով էր ինքը, ինչ իմաստներ էր փորձում փոխանցել։
Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան