Վերջին պահին հասցրեցի նստել, երթուղայինն արդեն շարժվում էր: Մեքենան լեփ-լեցուն էր, ազատ նստատեղ չկար։ Կանգնած մնացինք ես ու էլի մեկը: Հասցրել էինք հազիվ երկու հարյուր մետր առաջ ընթանալ ու երթուղայինը կանգնեց: Չորս ուղևոր ևս բարձրացան ու վերջ` այլևս շարժվելու տեղ չկար:
Ես դռան մոտ էի կանգնած, ավելի ճիշտ` թեքված: Դիմակով շնչել հնարավոր չէր, բայց կորոնավիրուսով վարակվելու մտադրություն չունեի. պիտի դիմանամ, ինքս ինձ հույս էի տալիս, թե` բան չմնաց, էլի մի քանի րոպե ու կիջնեմ: Նոր էի սկսել ինքնահուսադրմանս մեդիտացիան, երբ երթուղայինը կրկին կանգնեց: Այս անգամ էլ մի քանի հոգի բարձրացան, չհասցրեցի հաշվել: Միայն դիմացիս բարձրահասակ երիտասարդի «ծալծլված» վիճակն էի ուսումնասիրում, ինչպես է հարմարացրել այդպես «հարմար» դիրքավորվել։ Թվում էր` այսքանով վերջ: Վերջապես անկանգառ տեղ կհասնենք: Բայց ոչ։ Ամեն ինչ դեռ առջևում էր։
Խորքից լսվեց տղամարդու բամբ ձայն` կանգառում կպահեք: Դեմքիս առաջ տեսնում եմ հազար դրամանոցով մի ձեռք` փոխանցե՛ք։ Այդ պահին կյանքում առաջին անգամ հասկացա` ինչ զգացումներ են ունենում զսպաշապիկ հագնելիս։ Թեւերս չէի կարողանում շարժել։ Օգնության հասան վերեւի հատվածում կանգնածները։ Գումարը մի կերպ հասավ վարորդին: Հասանք երանելի կանգառին։ Մի ութ հոգի «դուրս թափվեցին», որ ուղևորը կարողանա իջնել:
Հաջորդ կանգառում կրկին կանգ առանք: Սակայն, ի դժբախտություն ինձ, նոր ուղևորներ էին միանալու: Վրդովված՝ քթիս տակ նեղսրտում եմ, թե ինչպես են նորերը նստելու, երբ վարորդը մի լավ թափ տվեց մեքենան, ու բոլորը «փազլի» նման ընկան իրենց տեղերը։ Վարորդն ամեն դեպքում, ապահովության համար հրահանգեց.
- Առաջացե´ք, թողե´ք մարդիկ նստեն:
...Ինչ գլուխ ցավեցնեմ: Մի կերպ տեղ հասա: Երբ գինու խցանի նման դուրս թռա մեքենայից, նկատեցի նախանձով ինձ նայող երթուղայինի ուղեւորների հայացքները, իսկ ես երջանիկ էի։
Հայկ Մագոյան