
Գործադիրի այսօրվա նիստում քննարկվեց արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու մասին հարցը։
«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ, և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները` հնարավորություն տալով արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հավելելով, որ սույն որոշմամբ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են։
Այս նախագծով հնարավորություն կընձեռվի, որպեսզի որդեկորույս ծնողները ևս մեկ անգամ հնարավորություն ունենան այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնեն իրենց։ «Կարծում ենք, շատ կարևոր նախագիծ է, նաև ցանկացողների մեծ հոսք ունենք, պիտի որ հաջողությամբ այն գործի»,- եզրափակեց Ավանեսյանը։