
«Ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և ասել եմ, որ պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի»: Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով, որ պատերազմի ընթացքում հարյուր տոկոսով վստահել է Օնիկ Գասպարյանին:
«Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ ԶՈՒ ԳՇ պետ, որին ես շնորհել եմ գեներալ- լեյտենանտի կոչում, որին իմ միջնորդությամբ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ հարյուր տոկոս վստահությամբ: Հիմա հետհայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, որ վստահել եմ նրան»,- ասաց Փաշինյանը հավելելով.«Կամ Օնիկ Գասպարյանը թող դիմում գրի, կամ հրաժարական տա, գնա: Էս ժողովրդին պետք չի ամեն անգամ ցնցումների ենթարկել, պետք չի, Օնիկ ջան, պետք չի»:
Հիշեցնենք` Հանրապետության հրապարակում տեղի է ունենում վարչապետի մասնակցությամբ հանրահավաք:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել էին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը՝ այն անվանելով հակասահմանադրական, կոչ էին արել գալ հրապարակ, ինչպես նաև նշել էին, որ սատարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջում է ՀՀ վարչապետի և գործող կառավարության հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է: ՀՀ վարչապետը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որտեղ հայտարարեց, որ նոր որոշում է կայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին:
Հայկ Մագոյան