
Փետրվարի 23-25-ն Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել է 41 մարզիկ-մարզուհի (22 տղա, 19 աղջիկ): Առաջնություններն ընթացել են առանց տարիքային սահմանափակման. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս մասնակցել են՝ հանդես գալով մեծահասակների ծրագրով:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ առաջնության մակարդակը սպասվածից ավելի բարձր է եղել. «Անկեղծ ասած, հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ երկար ժամանակ մարզումներ և մրցումներ չէին եղել, մեծ սպասելիքներ չունեի, բայց բոլորն էլ գոհացուցիչ արդյունքներ գրանցեցին: Առաջնության ժամանակ վարժություններն ավելի լավ կատարեցին, քան մարզումների»:
Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ մարզաձևում սերնդափոխությունը լավ է ընթանում. «Գոհ եմ, որ պատանի մարզիկները, որոնց թույլատրել էինք մասնակցել մեծահասակների ծրագրով, լավ հանդես եկան: Լավ սերունդ և ներկայիս սերնդին լավ փոխարինողներ ունենք: Մասնակիցների քանակը, բնականաբար, գոհացուցիչ չէ, բայց պետք է նկատենք, որ բոլորն ուժեղ են: Օրինակ՝ եթե այլ մարզաձևերում 20 մարզիկից ընտրում են 5-ին, մենք 7 հոգուց կարող եք ընտրել 5-6-ին: Այստեղ մեկ այլ խնդիր ունենք՝ պետք է հնարավորինս խուսափել վնասվածքներից»:
Նախատեսված էր, որ Հայաստանի առաջնությունից հետո՝ մարտի 10-13-ը, սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Դոհայում պետք է մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, սակայն այն հետաձգվել է դեռևս անորոշ ժամանակով: Հակոբ Սերոբյանը տեղեկացրել է, որ այժմ ծրագրում են մարտի 15-ից հետո ուսումնամարզական հավաք անցկացնել Վրաստանում՝ նախապատրաստվելով ապրիլին Բազելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 5 մարմնամարզիկ:
Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության տղամարդկանց բազմամարտում լավագույն արդյունքը գրանցել է Արթուր Դավթյանը (83.271), որը Հայաստանը ներկայացնելու է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Երկրորդ մրցանակակիրը Գագիկ Խաչիկյանն է (78.604), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արմեն Պետրոսյանը (75.6):
Արթուր Դավթյանը նշել է, որ այժմ լրջորեն պատրաստվում է մարզական կարևորագույն ստուգատեսին. «Հայաստանի առաջնությունն այս տարվա առաջին մրցումն էր: Մարզավիճակիցս դժգոհ չեմ: Այժմ գլխավոր նպատակն առաջիկա Եվրոպայի առաջնությանը և, բնականաբար, Օլիմպիական խաղերին հնարավորինս լավ պատրաստվելն է: Նախատեսված է հավաք Վրաստանում, ինչին կհաջորդի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Եթե անգամ համավարակով պայմանավորված՝ մրցաշարերը կրկին հետաձգվեն, կաշխատենք մեր մարզումային ծրագրերից չշեղվել»:
Աղջիկների բազմամարտում Հայաստանի չեմպիոնուհու կոչումը նվաճել է Աննա Գրիգորյանը (48.8), երկրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է (46.5), երրորդում՝ Մանե Պողոսյանը (44.0):
Առանձին գործիքների եզրափակիչներում մրցանակակիր են դարձել հետևյալ մարզիկ-մարզուհիները.
Առանձին գործիքներ, տղաներ
Ազատ վարժություն
- Արթուր Դավթյան
- Գագիկ Խաչիկյան
- Նորայր Հովհաննիսյան
Հենացատկ
- Արթուր Դավթյան
- Արմեն Պետրոսյան
- Դավիթ Պետրոսյան
Նժույգթափեր
- Հարություն Մերդինյան
- Արթուր Դավթյան
- Մամիկոն Խաչատրյան
Զուգափայտ
- Արթուր Դավթյան
- Գագիկ Խաչիկյան
- Արմեն Պետրոսյան
Օղակներ
- Արթուր Ավետիսյան
- Վահագն Դավթյան
- Արթուր Դավթյան
Պտտաձող
- Գագիկ Խաչիկյան
- Արթուր Դավթյան
- Սամվել Զաիմցյան
Առանձին գործիքներ, աղջիկներ
Հենացատկ
- Աննա Գրիգորյան
- Մանե Պողոսյան
- Անի Եղիկյան
Հավասարակշռության գերան
- Աննա Գրիգորյան
- Աննա Մանթաշյան
- Ինեսա Ջաղինյան
Զուգափայտ
- Աննա Գրիգորյան
- Մանե Պողոսյան
- Տաթևիկ Սուքիասյան
Ազատ վարժություն
- Ինեսա Ջաղինյան
- Աննա Գրիգորյան
- Աննա Մանթաշյան