
Քաղաքացիական միացյալ դաշինքը հայտարարություն է տարածել.
Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանում կատարվող քաղաքական գործընթացների ֆոնին որոշակի դիվիդենտներ հավաքելու նպատակով երեկ՝ տեղեկատվական մի քանի կայք, կեղծ լուրեր տարածեցին այն մասին, թե իբր «Ազատ հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» և «Միասնական հայրենիք» կուսակցությունները ցանկացել են Արցախից մարդ տանել ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպած հանրահավաքին։ Ստահոդ նյութի հեղինակի պնդմամբ մեր կուսակցականները իբր վերջին պահին մերժել են և չեն ցանկացել իրենց մասնակցությունն ունենալ վերոնշյալ հանրահավաքին։ Նյութի հեղինակին ու այն տարածող կայքերին չզարմացրեց անգամ այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանությունների կողմից կազմակերպված հապճեպ ցույցին անգամ ժամանակային տեսանկյունից Արցախից մասնակցությունը թեորիապես անհնար կլիներ։ Մենք դատապարտում ենք ցանկացած տեղեկատվական կեղծիք և վստահեցնում, որ ՀՀ-ում կատարվող քաղաքական գործընթացներին որևէ կերպ ազդելու և խառնվելու միտում չունենք և նույն մոտեցումը կցանկանայինք, որ ունենան Արցախի մնացած քաղաքական ուժերը։