Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանն առանձնապես խոշոր` ավելի քան 194 միլիոն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի կողմից՝  2020 թվականի  հունվարի 24-ին  ներկայացված նյութերի հիման վրա՝ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության և ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194 մլն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքեր: Այդ կապակցությամբ՝ 2021 թվականի մարտի 5-ին նույն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ հավելելով,որ քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

08 Մարտ, 2021 17:23
208
; ;