
ինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որն ընդգրկվել էր Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում, արդեն իսկ Երևանի կինոթատրոններում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Լրագրողները հնարավորություն ունեցան դիտել ֆիլմն ու զրուցել կինոնկարի ստեղծման գործում դերակատարություն ունեցած անձանց հետ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց՝ մի վայրկյան անգամ չեն կասկածել, որ ֆիլմը հաջողելու է: Նրա խոսքով՝ ավելի քան երեսուն տարի որևէ հայկական կինոնկար չի ներկայացվել Կաննի միջազգային կինոփառատոնում, իսկ Նորայի շնորհիվ նման հնարավորություն ընձեռվեց: «Կարծում եմ՝ հայկական կինոյի համար սա մեծ հաջողություն է»,-նշեց Միրզախանյանը:
Նորա Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ ֆիլմի՝ ֆրանսիական ցուցադրությունների ընթացքում ֆրանսիական հեղինակավոր հեռուստաընկերություններից մեկն իր և կինոնկարի մասին համապարփակ նյութ է պատրաստել և նշել. «Ճանաչում Արցախին ֆիլմով, ոչ թե քաղաքականությամբ»: « «Երբ որ քամին հանդարտվի» Ֆիլմի շնորհիվ նրանք, ում կոչում էին անջատողականներ, զինվորներ կամ զոհեր դեմք ու դիմագիծ ստացան: Անգամ օտարազգիներն են հասկանում ֆիլմի ուղերձը՝ երբ քամին հանդարտվի, Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի, և Արցախի ժողովուրդը կկարողանա հանգիստ շնչել»,-նշեց նա:
Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորած ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինի խոսքով՝ երբ մեկնել է Արցախ, բացահայտել է, որ երկրի վրա կա դրախտ: «Ինձ համար դա շատ հետաքրքիր ճամփորդություն էր: Չգիտեմ, թե ինչու էր անհրաժեշտ այն, բայց ինչ-որ մեկը ժամանակին գրել է՝ ճամփորդությունները պետք են, որ վերջապես հասնես ինքդ քեզ: Իսկ ըստ իս՝ երբեմն ճամփորդության ես մեկնում, որ հասնես ճամփորդին: Ինձ համար սա յուրահատուկ ճամփորդություն էր, որի շնորհիվ կարողացա բացահայտել այս երկնային դրախտը՝ Արցախը»,- շեշտեց դերասանը:
Խենթ հայի կերպարը կերտած դերասան Վարդան Պետրոսյանն ընդգծեց մարդն ամենաշատը սիրում է այն, ինչ կորցնում է, և այս ֆիլմը կարծես ճիշտ ժամանակին նկարահանվեց: «Ֆիլմում այլ կերպ են ըմբռնվում կերպարները, բնապատկերները: Խենթ հայի հավաքական կերպարը, որը երբեք հրացանը վայր չի դնելու, ամեն ինչ տեսնում է հեռվից, որը հոգու խորքում գիտի, որ ամեն բան ճիշտ է, փաստորեն մարգարե դարձավ: Արցախյան բնապատկերները դարձան մեր կորցրած զավակները, ինչը սարսափելի է, ու այս կինոնկարը մեզ համար հիշողության մարգարե է: Եթե մարդիկ մոռանան ինչ-ինչ բաներ, կինոնկարը կհիշեցնի մարդկանց երազանքների մասին»,-եզրափակեց Պետրոսյանը:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների ազգությամբ ֆրանսիացի աուդիտորի՝ Ալեն անունով տղամարդու մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: