Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. «Ռուսաստանը դեռ տարեսկզբին նվիրել էր 2000 դոզա՝ 1000 հոգու համար»: Պատվաստումը ստանում են կորոնավիրուսի դեմ պայքարին միացած հիվանդանոցների բուժաշխատողներ: Նրանց վերաբերյալ թվային տվյալները հնարավոր կլինի հստակեցնել հաջորդ շաբաթ:

2020-ի նոյեմբերի 21-ին ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը  Ռուսաստանի առողջապահության նախարարն իր հետ Հայաստան որպես նվեր էր բերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներ՝ 30 դեղաչափ՝ 15 հոգու համար: Պատվաստվողներից մեկն այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մարտի 11-ին հայտնել է, որ կորոնավիրուս դեմ պատվասումների գործընթացը մեկնարկել է բուժաշխատողների շրջանում: Աբովյանը վստահեցրել է, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:

Առողջապահության նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ են պատվաստվելու: Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները: Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար:

378