Շրի Լանկան արգելելու է երկրում չադրայի կրումը և փակելու է ավելի քան հազար իսլամական դպրոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Շրի Լանկայի անվտանգության հարցերով նախարար Սարաթ Վիրասեկերան՝ տեղեկացնելով, որ մարտի 12-ին ստորագրել է համապատասխան փաստաթուղթը, որն արգելելու է մուսուլման կանանց այսուհետ ամբողջությամբ փակել դեմքը:

Նախարարի խոսքով՝ որոշումն ընդունվել է «ազգային անվտանգության» նկատառումներից ելնելով: «Մեր առաջին օրերի ընթացքում մուսուլման կանայք և աղջիկները երբեք չեն կրել չադրա: Դա կրոնական ծայրահեղականության նշան է, որը վերջերս է ի հայտ եկել: Մենք անշուշտ արգելելու ենք դա»,- ասել է նա:

Չադրայի կրումը Շրի Լանկայում ժամանակավոր արգելվել էր 2019 թվականին, երբ իսլամիստ զինյալների կողմից եկեղեցիների և հյուրանոցների ռմբակոծման հետևանքով սպանվել էր ավելի քան 250 մարդ:

Վիրասեկերան հայտնել է, որ կառավարությունը մտադիր է արգելել իսլամական ավելի քան հազար դպրոցի՝ մեդրեսեների գործունեությունը:

13 Մարտ, 2021 16:46
400
; ;