
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հնչած կրակոցը վերջ դրեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի կյանքին:
Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց: 79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր:
«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ»,- դատարանի որոշումն էր:
Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունեց իր մեղքը, սակայն դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոնին:
«Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ», - ասել է Թեհլերյանը դատավարության ժամանակ։
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում,1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է Ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։