AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը ԵՊՀ  Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնի շրջանավարտ, համանուն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Արսեն Զաքարյանն է:

 

Արսեն, ինչպե՞ս հայտնվեցիք ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնում: Ի սկզբանե, հենց այդ մասնագիտությո՞ւնն էիք ցանկանում ձեռք բերել, թե՞ հանգամանքներն այդպես դասավորվեցին:

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար:
Չէի ասի, որ հենց այս մասնագիտությունն եմ ընտրել ատամհատիկիս ժամանակ, որովհետև ի սկզբանե հաճախում էի օտար լեզվի մասնավոր պարապմունքների և միտված էի այլ որոշման։ Սակայն, քանի որ դեռ մանկուց իմ մեջ կար սեր դեպի մաթեմատիկան և աշխարհագրությունը, երկրները, նրանց դիրքը քարտեզի վրա և նոր տարածքների բացահայտումը, որոշեցի ընտրել հենց այս մասնագիտությունը և կարծում եմ չեմ սխալվել։

 

Ո՞ր առարկաներից եք հանձնել ընդունելության քննություն: Հետագայում այդ առարկաները Ձեզ օգնե՞լ են ուսումնառության ընթացքում:

Ընդունելության քննություններս հանձնել եմ մաթեմատիկա և աշխարհագրություն առարկաներից։
Սակայն այժմ, որքանով տեղյակ եմ, այս բաժին կարող են ընդունվել միայն աշխարհագրության քննությամբ, բայց ես խորհուրդ չեմ տա, որովհետև ուսումնառության ընթացքում ինձ շատ են օգնել մաթեմատիկայի իմ գիտելիքները. դա կփաստի այս բաժինը ավարտած յուրաքանչյուր ուսանող։

 

Ո՞ր ոլորտներում կարող են աշխատել ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնի շրջանավարտները:

Բաժինն ավարտած ուսանողները կարող են աշխատել 2 ոլորտում՝ Քարտեզագրության և Կադաստրի՝ հանրապետության և արտերկրի տարբեր հիմնարկներում, ինչպիսիք են.
•ՀՀ կադաստրի կոմիտե, •ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ,
•ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
•ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն,
•«Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, •Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն,
•Հիդրոմետ ծառայություն,
•Անշարժ գույքի գրասենյակներ,
•«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, •«Հայանտառ» ՊՈԱԿ,
•ՀՀ վիճակագրական կոմիտե,
•հանրակրթական դպրոցներ, •քաղաքապետարաններ,
•համայնքապետարաններում և այլն, ինչպես նաև
•ՀՀ պաշտպանության նախարարությունում, որտեղ այժմ ես աշխատում եմ:
Դե իսկ քարտեզագրության գծով կարող են աշխատել որպես չափագրող, քարտեզագետ և որ ես ամենաշատն եմ նախընտրում՝ գեոդեզիատ։

 

Արսեն, այսօր, կարելի է ասել, որ բավականին հաջողությամբ համացանցային էջեր եք վարում. «Ուսանողի կյանք» ինստագրամյան էջը միայն 7700 հետևորդ ունի, որը վատ ցուցանիշ չէ: Սա Ձեր հիմնակա՞ն զբաղմունքն է, թե՞ հետագայում կվերադառնաք քարտեզագրությանն ու կադաստրային գործին:

Նշեմ, որ էջը իր այսպիսի հաջողությանը հասել է շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մեկ տարում։ Եվ կարծում եմ, այն վարելն ու ակտիվությունն ապահովելը վատ չի ստացվում, ինչի մասին վկայում են ամեն օր հետևորդներիս կողմից ստացվող նամակները՝ իրենց ունեցած տպավորության և գնահատանքի բազում խոսքերով։
Պայմանավորված իմ աշխատանքային գործունեությամբ՝ սա իմ հիմնական զբաղվածությունը չէ, այլ որպես ազատ ժամանակի բաղադրիչ, այսպես ասած՝ հոբի, որը ոչ միայն հաճելի, այլ նաև արդյունավետ և օգտակար զբաղմունք է։

Ինչպե՞ս մոտիվացվեցիք և ստեղծեցիք «Ուսանողի կյանք» ինստագրամյան էջը: Ինքս էլ պարզ տեսնում եմ, որ այն շատ է օգնում ներկայիս ուսանողներին ու դիմորդներին: Կներկայացնե՞ք էջի հիմնական նպատակները:

Ինձ համար ևս անսպասելի էր այս կարճ ժամանակում էջի ունեցած նման արդյունքը։ Էջի գաղափարը ծագել է դեռևս այն ժամանակ, երբ ես աշխատում էի իմ ավարտական դիպլոմայինի վրա և ինձ անհրաժեշտ էին որոշ նյութեր՝ կապված թեմաների հետ, և ես ոչ մի կերպ չկարողացա գտնել դրանք ու որոշեցի ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ ուսանողները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Եվ վստահեցնում եմ, որ բոլորի հարցերը ստացել են իրենց պատասխանները։ Այն մյուս ուսանողական էջերից տարբերվեց նրանով, որ չսահմանափակվեց միայն մեկ բուհի շրջանականերում, այլ բոլոր, և ոչ միայն բուհերի, այլ նաև ուրիշ ուսումնական հաստատությունների՝ լինի դա քոլեջ, թե դպրոց։

Էջի նպատակն է ներկայացնել @usanoxi_kyanq-ը, ստանալ անհրաժեշտ հարցերի պատասխանները։ Սակայն ժամանակի ընթացքում փորձեցի ավելի ընդհանրացնել շրջանակը։ Այդ գործում բավականին շատ օգնեցին ձեր հարցազրույցները, քանի որ բացի այն, որ դրանք նորություն էին ուսանողական միջավայրում, այլ նաև ավելի պատկերավոր էին ներկայացնում տվյալ մասնագիտությունը և հնարավորություն ընձեռում ուսանողին ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Դե իսկ էջն ավելի ամբողջական դարձավ՝ համալրվելով հեղինակային ստեղծագործություններով, հումորային նկարներով և վիդեոներով, ինչպես նաև ուսանողների կողմից ուղարկվող համալսարանական նկարներով։ Եվ ահա շատ կարճ ժամանակում էջն իր կառուցվածքով ու բովանդակությամբ սիրվեց հետևորդների կողմից, և կարծում եմ, եթե սիրով ու նվիրումով ես անում ինչ-որ բան, ապա անպայման համապատասխան արձագանքի ու գնահատանքի ես արժանանում։

 

Վերադառնալով համալսարանական կրթությանը` պետք է խնդրեմ, որ ներկայացնեք այն առարկայացանկը, որ ուսումնասիրել եք ԵՊՀ-ում Ձեր ուսումնառության շրջանում:

Իմ ուսումնառության շրջանում մի շարք առարկաներ ենք ուսումնասիրել. «Հեռազննման հիմունքներ», «Տվյալների հենք», «Թվային քարտեզագրություն», «Քարտեզների ձևավորում և համակարգչային դիզայն», «Գեոինֆորմատիկա», «Գեոինֆորմացիոն քարտեզագրություն», «Շարժական ԱՏՀ-ի հիմուքներ», «Թվային ֆոտոգրամմետրիա և հեռազննում», «Ժամանակակից գեոդեզիական սարքավորումներ», «ԱՏՀ հողային ռեսուրսների կառավարման գործում», «Անշարժ գույքի վերլուծություն և կառավարում (SPSS ծրագիր)» և այլն:
Սրանցից կառանձնացնեմ «Ինժեներային գրաֆիկաներ (AutoCAD)»ը և «Գեոինֆորմատիկա և ԱՏՀ տեխնոլոգիաներ» (ArcGIS) առարկաները, որոնք ստեղծված են քարտեզներ ստեղծելու և օգտագործելու, աշխարհագրական տվյալներ կազմելու, քարտեզագրված տեղեկատվության վերլուծության և տվյալների բազայում աշխարհագրական տեղեկատվության կառավարման համար:
Այս բաժնի ուսանողներին խորհուրդ կտամ ուշադրությունը կենտրոնացնել հենց այս ծրագրերի ուսումնասիրությանը, քանի որ դրանց իմացությունը քեզ կդարձնի բարձրակարգ մասնագետ։

 

Արսեն, հետաքրքիր է, Ձեր համակուրսեցիներից քանի՞սն են այսօր իրենց մասնագիտությամբ աշխատում, և մե՞ծ է այն անձանց տոկոսը, որոնք իրենց միայն աշխարհագրության և երկրաբանության ոլորտում են պատկերացնում:

Կարող եմ ասել, որ կան թե մասնագիտական ոլորտում աշխատողներ և թե այլ ոլորտներում աշխատող համակուրսեցիներ։

Ո՞ր գերատեսչություններում են անցնում իրենց պրակտիկան ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնի ուսանողները:

Ուսումնական պրակտիկաները կազմակերպվել են երթուղիների ձևով ՀՀ տարածքի տարբեր ուղղություններով, երկարատև պրակտիկա (գիշերակացով) համալսարանի «Բյուրական» ուսումնական հանգրվանում: Չափագրում, հանույթային աշխատանքեր և հատակագծերի կազմում իրականացրել ենք Երևան քաղաքում՝ ԵՊՀ տարածքում: Բացի դրանից՝ ամբիոնը համագործակցում է Գերմանիայի GIS միջազգային համագործակցության ընկերության հետ, որի շրջանակներում իրականացվել է արտադրական պրակտիկան, հիմնականում բնապահպանական և բնական պաշարների կառավարման ոլորտում: Այս ծրագրով նախատեսված է նաև ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում:
Հավելեմ նաև, որ մեր ֆակուլտետը միակն է, որ պրակտիկա ունենում է առաջին կուրսից մինչև չորրորդ, ամեն ուսումնական տարվա վերջում։

 

Մի փոքր կխոսե՞ք պաշտպանության նախարարության այն ծրագրի մասին, որի շրջանակներում նաև ինքներդ բակալավրում սովորել եք:

Նշեմ, որ մեր բաժինը պաշտպանության նախարարության հետ համագործակցում է 2008-ից և ամեն 4 տարին մեկ համալսարանում իրականացնում է ծրագիր՝ ընդամենը մեկ դիմորդի ընտրմամբ։
2016-ին այդ դիմորդը ես դարձա և ուսմանս զուգահեռ հաճախում էի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվող դասընթացներին՝ փաստացի սովորելով միաժամանակ երկու տեղ, որոնք հնարավորություն տվեցին դառնալու պատրաստի կադր։ Դե իսկ այժմ էլ, արդեն բակալավրիատը ավարտելուց հետո, շարունակում եմ ուսումս արդեն մագիստրատուրայում՝ միաժամանակ նաև աշխատելով պաշտպանության նախարարությունում՝ որպես քարտեզագետ։
Ծրագրի գլխավոր առավելությունն այն է, որ ավարտելուց անմիջապես հետո ես արդեն աշխատանքի անցա իմ մասնագիտությամբ՝ այն էլ նման պատասխանատու վայրում։ Իսկ ներկայումս, կարծում եմ, նույնիսկ ավարտելուց մի քանի տարի հետո էլ դժվար է աշխատանք գտնել հենց քո մասնագիտության ոլորտում։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա ուսանողներին:

Կրտսեր սերնդին խորհուրդս կլինի այն, որ նախ և առաջ գնահատեք ձեր ծնողների աշխատանքը և սովորեք այնպես, կարծես թե դա ձեր սովորելու վերջին հնարավորությունն է։
Առարկաներից կառանձնացնեմ ծրագրերի մասը՝ հատկապես ուշադրություն դարձնեն Autocad և ArcGIS ծրագրերի խորապես ուսումնասիրությանը, և վստահեցնում եմ, որ կդառնաք այն մասնագետը, որի կարիքն այսօր իրոք ունի մեր երկիրը։

Արսեն, որպես «Ուսանողը» շարքի հեղինակ՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը Ձեզ հայտնել: Առանց Ձեր «Ուսանողի կյանք» ինստագրամյան օգտահաշվի՝ իմ հարցազրույցներն այդքան մեծ տարածում չէին ունենա: Ձեզ անսպառ եռանդ եմ մաղթում և նորանոր հաջողություններ:

Օլյա Շահինյան

42804