Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին կներկայացնի նոր, հրաշալի ներկայացում՝ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:

Բեմադրությունն ու նկարչական ձևավորումը Սարգիս Մանուկյանինն է, երաժշտական ձևավորումը՝ Արեն Օսիպյանը:

Բեմադրող ռեժիսորի խոսքով՝  կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես անտիդեպրեսանտ, ակնկալիքով, որ  հանդիսատեսը  մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու  հնարավորություն կունենա:

Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր իրավիճակային լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները:

Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «‎հիմարի» հետ: Եվ ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում...

Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 26-ին և 27-ին: 

1076